Տնտեսական հեղափոխությունը հնարավոր է, եթե տարեկան $2.5-3 մլրդ ներդրում լինի. Մելքումյան
Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելն իրատեսական է, եթե տարեկան 2.5-3 մլրդ դոլարի ներդրումներ լինեն: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, հեղափոխությունը նշանակում է կտրուկ փոփոխություններ, որոնք իր մաշկի վրա կզգա ժողովուրդը: Իսկ դա, ըստ պատգամավորի, պահանջում է շուրջ 3 մլրդ դոլարի ներդրում.
«Արդյոք Հայաստանը պատրաստ է տարեկան այդպիսի գումար ընդունել»,- հարցադրում արեց նա:
Մելքումյանը շեշտեց՝ թեև ԲՀԿ-ն դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած ծրագրին, սակայն դա չի նշանակում, թե իրենք չեն աջակցելու ծրագրի ու տնտեսական հեղափոխության իրագործմանը:
«Մենք, բնականաբար, շահագրգռված ենք տնտեսական հեղափոխություն իրականացնելով: Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ շահագրգռված ենք, որպեսզի տնտեսական հեղափոխությունը տեղի ունենա: Բայց մենք նաև ասում ենք, որ այս ծրագրով չենք տեսնում դրա իրականացման հնարավորությունը, որովհետև երբ շատ կոնկրետ նշված չեն աղբյուրները, չկան գործիքները, ապա շատ արագ ժողովուրդը հիասթափվելու է», - ասաց Մելքումյանը՝ ավելացնելով, որ իրենք կօգնեն և Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Սոչի հենց այդ մասին է վկայում:
Նշենք, որ անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցեց Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: