ՀՀ-ԵՄ կապեր և ԼՂ հակամարտություն. ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցչին
Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, կողմերը կարևորեցին պարբերական շփումները՝ ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի շուրջ մտքերի փոխանակման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական Միություն փոխհարաբերություններին առնչվող հարցեր: Մտքեր փոխանակվեցին այս առումով վերջին շրջանում տեղի ունեցած հանդիպումների, իրականացված աշխատանքների, ինչպես նաև առաջիկայում նախատեսված գործունեության շուրջ:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային մի շարք խնդիրների:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ` այս համատեքստում ընդգծելով խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ու ամրապնդման կարևորությունը: