Կնախընտրեի, որ կառավարության ծրագրում ավելի շատ թվային թիրախներ լինեին, իսկ տնտեսական աճի թիրախը ծրագրում կարող էր ավելի բարձր լինել: Այս մասին փետրվարի 11-ին հայտարարել է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Համաձայն եմ, թվերը քիչ են, միգուցե այդպիսի հստակ չափանիշ էլ չկա, քանի թիվ պետք է լինի։ Ես ավելի կնախընտրեի, որ մի քիչ ավելի շատ թվային թիրախներ լիեին, բայց եղած թիրախներն էլ ամենաառանցքայիններից էին, օրինակ ՀՆԱ-իտարեկան առնվազն 5 տոկոս աճը այն ամենակարևոր ուղենիշային ցուցանիշներից է»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ ծրագրում կա նաև ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ և արտահանման կշիռը, որոնք նույնպես կարևոր ցուցանիշներ են։ «Բացի սա՝ մենք նախընտրական ծրագրից մնացած թվային թիրախներ ունենք, աղքատության կրճատում՝10 տոկոսային կետով, և գործազրկության կրճատում՝ 5 տոկոսով։ Այս ամբողջ համախումբը եթե նայում ենք, այն բավարար է, որպեսզի հինգ տարի հետո հասարակությունը հասկանա՝ մեր առջև դրած խնդիրները կատարել են, թե ոչ»,-ասել է նա։
Թունյանի խոսքով՝ կառավարության ծրագրերի դերը ոչ պետք է գերագնահատել, ոչ էլ թերագնահատել. «Մենք ունեցել ենք կառավարության շատ լավ ծրագրեր, անգամ նավահանգիստ կառուցելու վերաբերյալ, բայց հետո ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք։ Շատ բաներ ավելի շատ կախված են մեր աշխատանքից»։
Նրա կարծիքով՝ այս ծրագիրը իրատեսական է և մի քիչ զգուշավոր. «Իմ անձնական տեսակետն եմ ասում՝ կարելի է մի քիչ ավելի համարձակ բաների գնալ։ Օրինակ ինձ համար նույն տնտեսական աճի թիրախը կարող էր ավելի բարձր լինել։ Բայց մյուս կողմից էլ ավելի լավ է թիրախն ավելի ցածր դնենք, հետո ավելիին հասնենք»։
Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում գյուղնախարարության միավորումըտնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ, նա պատասխանել է. «Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, զուտ որպես տնտեսագետ, սխալ եմ համարում այդ միացումը, բայց ինչպիսի կառուցվածք էլ քննարկվի, համոզված եմ, որ միշտ կլինեն ինչ-որ տարաձայնություններ»։
ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Աղազարյանն ընտրվել է հանձնաժողովի փոխնախագահ։
Փետրվարի 8-ին գործադիրի արտահերթ նիստում հաստատվել է կառավարության ծրագիրը: Այն օրենքով սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողով, որտեղ կքննարկվի փետրվարի 12-ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: