26.11.2024
Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց. Սասնա Ծռեր

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը խիստ մտահոգված է Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու հանգամանքով:


«Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային վարկի համար:


Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի ակնհայտ գաղութատիրական նկրտումներ: Բացի այդ, Ռուսաստանը միջազգային հանրության շրջանում փաստագրված է որպես ոչ ժողովրդավարական և մարդու իրավունքները չհարգող, ինչպես նաև ուրիշ պետությունների գործերին կոպիտ ու ագրեսիվ կերպով միջամտող պետություն, ինչի համար հիմք են ծառայել նաև Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը և ռազմական ձեռնարկումները:


Միևնույն ժամանակ՝ Միջին Արևելքը (նրա մեջ նաև Սիրիան), խճողված շահերի բարդ և նուրբ կծիկ է, որտեղ Հայաստանը և հայությունը շատ անելիք ունեն, սակայն որևէ քայլ կատարելիս պետք է առաջին հերթին նկատի առնել այն հրամայականը, որ պետք է ամեն կերպով խուսափել թշնամիներ վաստակելուց և մեր պետական ու ազգային շահերին վնասելուց:


Մինչդեռ Ռուսաստանը Միջին Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, ունի բազմաթիվ հակառակորդներ և նրա հետ միասին որևէ գործողություն կատարելը հղի է Հայաստանին նույնպես թիրախավորելու սպառնալիքով:


Վերոհիշյալի հաշվառմամբ, ՀՀ Վարչապետին հորդորում ենք առհասարակ ձեռնպահ մնալ Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության հետ ասոցացվելու վտանգ պարունակող նմանաբնույթ գործողություններին մասնակցելուց և այդ հիմքով դադարեցնել նրա հետ Սիրիայում այսպես կոչված համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելու նախաձեռնությունից»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ::