25.11.2024
SOCAR-ը  բենզալցակայանների ցանց է գնում Թուրքիայում
prev Նախորդ նորություն

Կրքեր Ջավախքում տեղադրված արձանի շուրջ. Թբիլիսիում ադրբեջանցիները ցույց են անում

Այսօր առավոտից Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մի խումբ ադրբեջանցիներ պահանջում են ապամոնտաժել հունվարի 20-ին Ջավախքում տեղադրված արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի արձանը: Այս մասին տեղեկանում ենք aliq.ge -ի ֆեյսբուքյան ուղիղի միջոցով:


Ակցիային ներկա են նաեւ մի քանի վրացի քաղաքացիական ակտիվիստներ: Նրանք Միքայել Ավագյանին անջատողական են անվանում՝ հայտարարելով, որ վերջինս մասնակցել է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Աբխազիայի պատերազմին: Նրանց խոսքով, կիսանդրու գոյությունը բացասաբար է ազդում վրաց-ադրբեջանական բարեկամության վրա:


Նկատենք, որ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Ավագյանի կիսանդրու վերաբացումից հետո ադրբեջանական, ինչպես նաեւ վրացական մամուլում եւ սոցցանցերում հակահայկական տրամադրություններ են տարածվել: Ակտիվ շրջանառվում են հակասական տեղեկություններ Ավագյանի մասին:


Միքայել Ավագյանի հուշարձանի թեման մի քանի օր առաջ քննարկվեց նաեւ Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին նիստում: Վրաստանում ադրբեջանցի պատգամավոր «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Ազեր Սուլեյմանովը հարց էր ուղղել խորհրդարանի նախագահին: Ազեր Սուլեյմանովը խնդրել էր խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին հուշարձանն ապամոնտաժել:


«Ախալքալաքում ադրբեջանական ժողովրդի թշնամի, անջատողական Միքայել Ավագյանի հուշարձան է կանգնեցվել: Դա հասարակության մեջ լուրջ իրարանցում առաջացրեց: Սա Վրաստանի դեմ կանխամտածված սադրանք էր: Հետաքրքիր է, որ հուշարձանի բացման ժամանակ ներկա էին ձեր կուսակից պատգամավորները, քաղաքապետերը եւ Սակրեբուլոյի նախագահները, նաեւ Հայաստանի դեսպանը: Հուշարձանը բացվել էր հունվարի 20-ին, երբ Ադրբեջանում սգո օր էր: Ե՞րբ կքանդվի այս հուշարձանը: Սա հասարակության շահն է եւ մեր պահանջը»,– ասել էր Սուլեյմանովը:



Իսկ Իրակլի Կոբախիձեն էլ պատասխանել էր, որ այդ թյուրիմացությունը լուրջ անհանգստություն է ստեղծել իրենցից յուրաքանչյուրի համար: Խոսնակը հավելել էր, որ այս հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում:


«Իհարկե, Վրաստանը հստակ դիրքորոշում ունի հարեւան երկրների հետ կապված: Մենք հարգում ենք հարեւան երկրների շահերը եւ գործում ենք համապատասխան այդ շահերի, անհրաժեշտության դեպքում, և անհրաժեշտություն կա: Մենք մեր գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, մենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ խորհրդակցություններ ենք անցկացնում, եւ միասին մենք այնպիսի որոշում կկայացնենք, որպեսզի մեր հարեւանությամբ պահպանենք խաղաղ իրավիճակ»,-ասել է Կոբախիձեն:


Արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի նոր հուշարձանը տեղադրվել էր 2019 թվականի հունվարի 20-ին էր: 1994 թվականին տեղադրված հին հուշարձանը վնասվել էր եւ գյուղի բարերարներից մեկը միջոցներ էր հատկացրել՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում նոր հուշարձանի համար:


Նոր հուշարձանի բացումը տեղի է ունեցել պաշտոնական անձանց ներկայությամբ՝ ինչպես տեղական իշխանություններից, այնպես էլ դիվանագիտական կորպուսից: Տվյալ փաստը Ադրբեջանում մեծ դժգոհություն առաջացրեց: Ադրբեջանում Վրաստանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ եւ նրան բողոքի նոտա էին փոխանցել՝ այս հարցի վերաբերյալ: