25.11.2024
ՆԱՏՕ-ի զինվորականները պատրաստություն են անցնում Վրաստանում
prev Նախորդ նորություն

Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ. դեսպանը՝ Միրզոյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից:


Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարեւորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձեւավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա երկկողմ շփումների ակտիվացման հարցում:


Շնորհավորելով Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ` դեսպանը վստահեցրել է, որ Ուկրաինան շահագրգիռ է փոխադարձ հարաբերությունների զարգացմամբ եւ ամրապնդմամբ` փաստելով, որ իր երկիրն ամբողջովին աջակցում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին: Պյոտր Լիտվինն իր պատրաստակամությունն է հայտնել միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ խորացման գործում, կարեւորել համագործակցությունը միջազգային հարթակներում:


ՀՀ ԱԺ նախագահը եւ դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող մի շարք ծրագրեր, մասնավորապես գիտության, մշակույթի, տնտեսության, զբոսաշրջության, նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվելիք քայլերին վերաբերող հարցեր, գոհունակությամբ արձանագրել Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը:


Կողմերը բարձր են գնահատել Ուկրաինայի հայ համայնքի դերը հարաբերությունների խորացման հարցում, երկրի հասարակական-քաղաքական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում: