Պեսկովը մեկնաբանել է ԵՄ երկրների կողմից Գուաիդոյի ճանաչումը
Վենեսուելայում իշխանության բռնատիրության փորձը լեգիտիմացնելու ձգտումը ուղղակի միջամտություն է այս երկրի ներքին գործերին, ինչը չի նպաստում ճգնաժամի խաղաղ եւ արդյունավետ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Վենեսուելայի ճգնաժամի ցանկացած լուծումը հնարավոր է միայն վենեսուելացիների կողմից: Որոշակի լուծումների պարտադրումը կամ իշխանության բռնատիրության փորձը լեգիտիմացնելու ձգտումը, մեր կարծիքով, ուղղակի կամ անուղղակի միջամտություն է այս երկրի ներքին գործերին: Եվ սա ոչ մի կերպ չի նպաստում այն ճգնաժամի խաղաղ եւ արդյունավետ, կենսունակ կարգավորմանը, որում հայտնվել են վենեսուլացիները, եւ որը, մեր կարծիքով, նրանք պետք է ինքնուրույն հաղթահարեն», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Գուաիդոյի ճանաչումը ԵՄ երկրների կողմից:
Երկուշաբթի Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ Գուաիդոն լեգիտիմություն ունի ընտրություններ կազմակերպելու համար: Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը հայտարարել է, որ երկիրը Գուաիդոյին օրինական ժամանակավոր նախագահ է համարում: Գուաիդոյին որպես ժամանակվոր նախագահ ճանաչել են նաեւ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը եւ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: