ԳԴՀ-ն, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ընկերություն են ստեղծել Իրանի հետ հաշվարկների համար
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները գրանցել են INSTEX ընկերությունը (Instrument in Support of Trade Exchanges-Առեւտրական հաշվարկների աջակցման գործիք) ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ եվրոպական երկրների առեւտրական հարաբերություններին օժանդակելու համար: Այդ մասին հայտնել է ARD գերմանական հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվության համաձայն, կազմակերպության կենտրոնակայանը գտնվելու է Փարիզում, իսկ այն գլխավորելու է բանկային ոլորտում փորձառություն ունեցող Գերմանիայի քաղաքացի: Երեք երկրներից յուրաքանչյուրի ԱԳ նախարարության ներկայացուցիչներից բաղկացած դիտորդական խորհրդի նախագահ կդառնա բրիտանացի: ԵՄ-ի ցանկացած պետություն նույնպես կկարողանա իր ներկայացուցչին ուղարկել խորհուրդ:
ԵՄ-ն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Իրանի հետ առեւտրական հարաբերությունների աջակցման համար ֆինանսական տրանզակցիաների մեխանիզմ ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր անցյալ տարվա աշնանը: Ենթադրվում էր, որ այն կսկսի գործել արդեն 2018 թվականի դեկտեմբերին: Մեխանիզմը պետք է երաշխավորի միջազգային ֆինանսական գործարքավարությունները Իրանի եւ ԵՄ-ի երկրների միջեւ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործողությունից անկախ: