Նախագահական ընտրություններում տարիքը խոչընդոտ չէ. Բլումբերգ
Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ եթե որոշի նախագահական ընտրություններում դնել իր թեկնածությունը, ապա կարող է հաղթել՝ չնայած տարիքին: Այս մասին հայտնում է AP-ն։
76-ամյա միլիարդատերը նշել է, թե Ամերիկայում կարծիք կա, որ եթե դուք 50 տարեկան եք, սպիտակ եւ տղամարդ, ձեզ երբեք չեն ընտրի, սակայն ինքը համաձայն չէ դրա հետ։ «Ոչ մի վատ բան չկա նրանում, որ մարդիկ երիտասարդ են։ Սակայն վատ բան չկա նաեւ նրանում, որ մարդիկ տարեց են»,- ասել է Բլումբերգը, ով հաջորդ ամիս 77 տարեկան կդառնա։ «Մեծանալը գործընթաց է, որը, հուսով եմ, կշարունակվի»,- ասել է նա։
Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 76 տարեկան է, սենատոր Բերնի Սանդերսը՝ 77, եւ երկուսն էլ մտածում են 2020թ․ իրենց թեկնածությունը դնելու հնարավորության մասին։ Դոնալդ Թրամփը 72 տարեկան է։
Բլումբերգը նշել է, որ իր նախընտրությունների թվում են կլիմայի փոփոխությունը, կրթությունը եւ առողջապահությունը։
Բլումբերգը կտրականապես դեմ է մարիխուանայի օրինականացմանը։ Նրա խոսքով, կառավարությունը չպետք է հասանելի դարձնի այն, ինչը վնասում է առողջությունը։
Ըստ Բլումբերգի, Ամերիկան դաշնակիցներին վերաբերում է որպես թշնամիների, իսկ թշնամիներին՝ որպես դաշնակիցների։
Նա նաեւ ասել է, թե Ռուսաստանի, Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից ամերիկյան ընտրություններին միջամտելու խնդիրը բավարար լրջությամբ չի ընդունվում։