NYT. Դաշնակիցների դժգոհության դեպքում Թրամփը կարող է նորից ցանկանալ դուրս գալ ՆԱՏՕ-ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կարող է քննարկել ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը, եթե նա դժգոհ լինի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերի աճի տեմպերից, հաղորդում է The New York Times-ը:
Վարչակազմում ունեցած աղբյուրների համաձայն՝ անցյալ տարի Թրամփը մի քանի անգամ գաղտնի կերպով հայտնել է ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին: Նախագահն իր դիրքորոշումը պատճառաբանում էր նրանով, որ դաշինքի իմաստը չէր տեսնում, որը նա ԱՄՆ-ի համար ճահիճի հետ էր համեմատում:
Թերթի աղբյուրները մտավախություն են հայտնում, որ երկրի ղեկավարը ցանկացած պահի կարող է վերադառնալ այդ մտքին, եթե դժգոհ լինի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների ռազմական ծախսերի աճի տեմպերից:
Անցյալ տարվա հուլիսին Politico թերթը հաղորդել էր, որ Թրամփը գործընկերներին սպառնում էր դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալով: Թերթը գրում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարների, ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ Թրամփը զգուշացրել էր «ծանր հետեւանքների» մասին, եթե ՆԱՏՕ-ի դաշնակիցները որքան հնարավոր է շուտ չավելացնեն ռազմական ծախսերը:
Բրյուսելում դիվանագիտական աղբյուրը հետագայում պարզաբանել էր, որ ԱՄՆ նախագահը խստորեն պահանջել էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովի երկրորդ օրը վերսկսել եվրոպական պաշտպանական ծախսերի վերաբերյալ քննարկումները, սակայն չէր սպառնացել դաշինքից հեռանալ: