Լուրջ կասկածներ ունեմ, որ նրանք դավադիր պատերազմի հրաձիգներ են. Փաշինյանը՝ Շահնազարյանին
Եթե հայտարարություն է հնչում Արցախի դեմ դավադրության մասին, ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի մեկնաբանելով ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրը:
Փաշինյանը նշեց, որ եթե պարզվի, որ հեղափոխությունը տեղի է ունեցել նման դավադրությամբ, ապա բոլոր դավադիրներին պետք է հայտնաբերի և պատասխանատվության ենթարկի և ներկայացնի մարդկանց, որ երկրում դավադիրներ կան։ Նա լրագրողներից հետաքրքրվեց՝ արդյոք Դավիթ Շահնազարյանը ԱԱԾ-ին ներկայացրե՞լ է իր փաստերը։
«Հիմա եթե որևէ անձ շարունակաբար հայտարարություններ է անում և հրաժարվում է գնալ ԱԱԾ-ին ներկայացնել փաստեր, կամ ԱԱԾ-ին չէ, հրապարակային, ասուլիսների ժամանակ թող էդ փաստերը ներկայացնեն՝ էդ ի՞նչ դավադրություն ա, ովքեր են։ Եվ մարդիկ պետք է հստակ իմանան՝ կա՞ դավադրություն, թե՞ կա պարզապես ստախոսություն,- ասաց Փաշինյանն ու իր հերթին քաղաքական հայտարարություն արեց,- Ես լուրջ վարկածներ ունեմ, որ էդ մարդիկ օտարերկյա գործակալներ են և նրանք դավադիր պատերազմի հրձիգներ են։ Ես չեմ ուզում այլ քաղաքական հայտարարություններ անել՝ ասելով, որ չգիտեմ, այդ մարդիկ և այդ քաղաքական ուժը հոգեվարքի մեջ է, բայց ես ի պաշտոնե նաև, որպես վարչապետի պաշտոնակատար, պարտավոր եմ մեր երկրի ազգային անվտանգության շահերը պաշտպանել և, ի վերջո, մեր բոլոր գործողություններն ուղղված են լինելու դրան»։
Նա նշեց, որ սա որպես բանաձև է ասում ցանկացած մեկին։ Նա հորդորեց իրավիճակը ճիշտ արձանագրել՝ կա հայտարարություն, որ Հայաստանում կառավարությունը ունի դավադրություն ընդդեմ Արցախի, որը կոնկրետ դավաճանության մեղադրանք է, և եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին ու չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա «շառլատան» է։