Իմ հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը: Վերջինիս, հիշեցնենք, այսօր հրավիրել են ԱԱԾ իր որոշ հայտարարությունների մասով պարզաբանում տալու համար:
Շահնազարյանը նշեց, որ պատրաստվում էր այսօր գնալ ԱԱԾ և հրապարակային հայտարարել, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում, բայց զարմանալիորեն ԱԱԾ-ն ինքը հարապարակեց այդ ամենը մոտ ժամուկես-երկու ժամ առաջ:
«ԱԱԾ-ից գրությունը ստացել եմ երեկ, որում նշված է եղել ներկայանալ ժամը 10:00-ին, մինչդեռ ես ստարագրել եմ թուղթը ու գրել, որ կլինեմ ԱԱԾ-ում ժամը 13:00-ին: Պատրաստվում էի գնալ այսօր այնտեղ և անել հայտարարություն, բայց սրանից հետո անիմաստ է ժամանակ կորցնել և գնալ: Ասելու էի ընդամենը, որ այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում, որի հրահանգը հրապարակայնորեն նրանց տվել է արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և դրանից հետո ուղղակի դուրս գալ այնտեղից: Բայց ես հասկացա, որ այսօր ՀՀ-ում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, որոնք պետության հետ ոչ մի կապ չունեն , այլ պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը», - նշեց նա:
Բանախոսն անդրադարձավ նաև իր կողմից Նիկոլ Փաշինյանին բանավեճի հրավիրելու առաջարկին ու արձանագրեց, որ վարչապետի պաշտոնակատարը ուղղակի կարող էր ընդունել այն և ասել, թե որտեղ է ինքը սխալվել: Բայց, ըստ էության, Փաշինյանն ասել է՝ Արցախի հարցը կքննարկես ԱԱԾ-ում:
«Ինչի՞ց վախեցավ վարչապետը, հո ցուցմունք չէ՞ր տալու: Բայց ինքը ցուցմունք տալու է մեղադրյալի կարգավիճակով, չկասկածեք, և սա սպառնալիք չէ, այլ խոստում», - հավելեց Դավիթ Շահնազարյանը:
Նա նաև հայտարարեց, որ Սասուն Միքայելյանը ստախոս է: Ըստ Շահնազարյանի՝ «Միքայելյանը այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է»:
Նշենք, որ այս երկու գործիչների միջև հեռահար բանավեճը սկսել է այն բանից հետո, երբ Շահնազարյանը օրեր առաջ հայտարարեց, որ Միքայելյանն այն հրամանատարներից մեկն էր, ովքեր ազատամարտի տարիներին զիջեցին Օմարի բարձունքները, ինչից հետո Վազգեն Սարգսյանը ցանկանում էր նրա գնդակահարել: Միքայելյանը հայտարարեց, որ բարձունքները գրավվել են մինչև իր այնտեղ հասնելը։ Բայց Շահնազարյանը այսօր էլ պնդեց, որ իր օպոնենտը ստում է, քանի որ եթե ճիշտը խոսեր, ապա դա նույնն էր, որ կընդուներ, որ ճողոպրել է Օմարից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Շահնազարյանն այսօր հրավիրվել է ԱԱԾ: Ըստ կառույցի տարածած հաղորդագրության, նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ: