ԵՄ հանձնակատար․ Թուրքիան մոտ է վիզաների ազատականացման գործընթացը ավարտելուն
Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, թե Թուրքիան մոտ է վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ ավարտելուն:
Բրյուսելում պատասխանելով թուրք լրագրողների հարցերին՝ Ավրամոպուլոսը նշել է, որ Թուրքիայի հետ համապատասխան համաձայնագրի շրջանակներում սահմանված 72 չափանիշների մեծ մասը բավարարվել են, միայն 7 պահանջ դեռ կատարված չէ:
«Թուրքիան շատ մոտ է անհրաժեշտ 72 չափանիշների բավարարմանը: Թուրք պաշտոնյաները վճռական են տրամադրված այս գործընթացը հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտին հասցնելու հարցում», - ասել է ԵՄ պաշտոնյան՝ դրական գնահատելով վիզաների ազատականացման համար թուրքական կողմի կատարած աշխատանքները:
Ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է մնալ ԵՄ ռազմավարական դաշնակիցը, Դիմիտրիս Ավրամոպուլոսը հատկապես կարևորել է ահաբեկչության դեմ պայքարի հարցում Թուրքիա-ԵՄ փոխգործակցությունը: Հատկանշական է, որ վիզաների ազատականացման համար Եվրամիության՝ Թուրքիային ուղղված գլխավոր պահանջներից է ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի փոփոխումը: