24.11.2024
Մեզ վստահեցրել են, որ ՀՀ-ում ԱՄՆ լաբորատորիաների գործունեությունը խաղաղ բնույթ կկրի. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն «վերջին մարտն» է տալու գալիք ԱԺ ընտրություններում

ՀՀԿ ցուցակն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Վիգեն Սարգսյանը:


«Ես այլ անուններ չեմ նշի, մեր ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին, ընտրություններին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ևս չի լինելու ցուցակում», - ասել է նա լրագրողներին։


ՀՀԿ ցանկանում է դուրս չմնալ ապագա ներքաղաքական զարգացումներից: ԱԺ արտահերթ ընտրություններին չմասնակցելը կմարգինալացներ կուսակցությունն ու այն կմղեր քաղաքական լուսանցք` դարձնելով արտախորհրդարանական քաղաքական ուժ, որը զրկված կլիներ ՀՀ-ում քաղաքական իրադարձությունների վրա որևէ ազդեցությունից մոտակա 5 տարիների ընթացքում:


ՀՀԿ-ն, կարծես, փորձում է գնալ վա-բանկ` ֆիլտրվում է ՀՀԿ-ի ցուցակը, որը գլխավորելու է  Վիգեն Սարգսյանը, իսկ Սերժ Սարգսյանը, ով հասարակության շրջանում ունի ցածր վարկանիշ ու նրա անունը բացասական վերաբերմունքի է արժանանում ՀՀ քաղաքացիների լայն շրջանակների մոտ, տեղը զիջում է նոր թիմին, ովքեր փորձելու են պայքար մղել ԱԺ-ում տեղ զբաղեցնելու համար:


Վիգեն Սարգսյանը նաև ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում, կուսակցությունում նրա դիրքերն ամրապնդվում են ու նա փորձելու է նոր թիմով, ովքեր հավանաբար լինելու են քաղաքական դեմքեր և ոչ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներ, նորովի ներկայանալ հասարակությանն ու զբաղեցնել թիվ մեկ ընդդիմադիր ուժի դիրքը քաղաքական սպեկտրում:


Շուտով կհրապարակվի ՀՀԿ նախընտրական ցուցակը: Սա այն թիմն է, որը պետք է տա, այսպես ասած, «վերջին մարտը» և փորձի ապացուցել թե՛ կուսակցության շարքային անդամներին, թե՛ քաղաքական մյուս մրցակից ուժերին, որ ՀՀԿ-ն ամբողջությամբ չի կազմաքանդվել ու դեռ ունի ներուժ մասնակցելու գործընթացներին, իսկ ԱԺ ընտրություններն խորհրդարանական կառավարմամբ երկրում թիվ մեկ քաղաքական իրադարձությունն են ու ստուգատեսը:


Վիգեն Սարգսյանն իր վրա բարդ պարտականություն է վերցրել. ՀՀԿ-ն այժմ ունի գրեթե զրոյական վարկանիշ, այդ կուսակցությունը համարվում է նախկին բոլոր սոցիալ-տնտեսական դժվարությունների, Հայաստանի այսօրվա վիճակի թիվ մեկ պատասխանատուն և քրեաօլիգարխայի թիմ:


12 օր տևող նախընտրական քարոզարշավի ընթացքում բարդ է լինելու հասարակությանն այլ բան ապացուցել: Հավանաբար ՀՀԿ-ն փորձելու է օգտագործել տեղերում առկա որոշակի վարչական, ֆինանսական և այլ ռեսուրսներն ու առանձին անհատների ազդեցությունը` ձայներ ստանալու համար:


Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ունի բավականին որակյալ բեքգրաունդ` լավ կրթություն, երկար տարիների պետական աշխատանքի փորձ, այդ թվում պաշտպանության նախարարի պաշտոնում ու նրա անվան հետ չեն կապվում սկանդալային կոռուպցիոն գործեր ու քրեական հանցագործություններ:


Նա քաղաքական դեմք է, տեխնոկրատ ու հնարավոր է ՀՀԿ նորացված թիմով կարողանա տեղ գտնել ԱԺ-ում ավելի փոքր կազմով, որը, սակայն, հասարակության մոտ չի ասոցացվի նախկին ՀՀԿ-ի հետ: