24.11.2024
Հունվարի 1-ից կներդրվեն էլեկտրոնային արդարադատության և մշտադիտարկման համակարգեր
prev Նախորդ նորություն

Բաքուն պետք է հրաժարվի ռազմատենչ հռետորաբանությունից. ԱԳ նախարարը՝ համանախագահներին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:


ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում նոր իշխանության ձեւավորումից հետո Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ տեղի ունեցած հանդիպումների ու համանախագահների տարածաշրջան կատարած այցերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը գոհունակություն հայտնեց մինչ այժմ այս առումով ձեւավորված դրական դինամիկայի կապակցությամբ:


Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու եռանախագահներն անդրադարձան սեպտեմբերի վերջին Դուշանբեում Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի միջեւ տեղի ունեցած հանդիպմանն ու ձեռք բերված պայմանավորվածություններին: Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ դրանց կիրառական դրսեւորումն ուղղված է խաղաղության մթնոլորտի ձեւավորմանն ու խթանմանը:


Նախարար Մնացականյանը նշեց, որ արդիական է մնում ռազմատենչ եւ ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը:


Զրուցակիցները քննարկեցին եռանախագահների ձեւաչափում իրականացվելիք հետագա քայլերը: Այս առնչությամբ Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ, հաշվի առնելով, որ Երեւանից հետո համանախագահները այցելելու են Ստեփանակերտ, այնուհետեւ Բաքու, դրանից հետո հնարավորություն կլինի առավել համապարփակ կերպով գնահատելու հետագա քայլերը: