Մենք պայմանավորվածությունները չենք խախտում, Նիկոլ Փաշինյանին չենք ընտրելու վարչապետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Անդրադառնալով Փաշինյանի ելույթին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ քանի որ այս ամենը ձեւական բնույթ է կրում, ելույթը չէր կարող ծրագրային լինել:
Հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց՝ այդպիսով ճանապարհ հարթելով դեպի ԱԺ լուծարում: Տեխնիկապես դա հնարավոր է, եթե առաջիկա երկու շաբաթների ընթացքում ԱԺ-ն նոր վարչապետ չընտրի: Այսինքն, ենթադրելի էր և ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը ևս հայտարարեցին, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի:
Սակայն Ելք խմբակցությունը, այդուհանդերձ, առաջադրեց վարչապետի թեկնածու՝ ոչ ֆորմալ, ինչպես պարզաբանել է խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը.
«Այս առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և խնդիրը ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է, որպեսզի հետագայում իրավական սահմանումների հետ կապված տարընթերցման առիթներ չլինեն: Այս անգամ անհրաժեշտ է, որ Ազգային ժողովը չընտրի վարչապետ, որպեսզի իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի»,- հայտարարեց նա:
Մինչ այդ Ազգային ժողովը չընդունեց Ընտրական օերնսգրքում կատարված փոփոխությունները, որով նախատեսվում էր վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը, իսկ ԱԺ անցնելու արգելապատնեշը դարձնել կուսակցությունների դեպքում՝ 4 տոկոս, իսկ դաշինքների դեպքում՝ 6 տոկոս:
Խոսելով այն մասին, որ առանց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, Հանրապետական կուսակցությունը քիչ շանսեր ունի ընտրվելու, Բաղդասարյանը պատասխանեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ընտրությունից մեկ ամիս առաջ բավական լուրջ խնդիր է, վատ է ազդում մեր հեղինակության վրա: Դա պետք է գիտակցեն բոլորը՝ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի Ընտրական օրենսգիրք փոխել»:
Դիտարկմանը, որ, այդուհանդերձ, Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ՀՀԿ շահերից է բխում, Հանրապետական խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես խնդրում եմ՝ մի անձնավորեք, թե ում շահերից է բխում: Դեկտեմբերի ընտրություններն ո՞ւմ շահերից են բխում»: