Պատգամավորները վստահ են՝ գազի և էլէներգիայի սակագները բարձր են տարրական գողության պատճառով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի առաջարկով պատգամավորները միաձայն հանձնաժողովի փոխնախագահ են ընտրել «Ելք» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանին:
Միքայել Մելքումյանը հորդորել է մեկշաբաթյա ժամկետում առաջարկներ ներկայացնել գազամատակարարման համակարգի գործունեությանն ու էլեկտրաէներգիայի ոլորտին առնչվող հարցադրումների վերաբերյալ:
Նրա խոսքով, հիմա ճիշտ ժամանակն է վերանայելու գազի և էլեկտրաէներգիայի սակագները, քանի որ Մելքումյանը համոզված է՝ չի կարելի 10-15 տարի խոսել, որ առայժմ ժամանակը չէ գազի կամ էլեկտրաէներգիայի սակագների իջեցմանն անդրադառնալ.
«Կարծում եմ, որհակառակը՝ հենց հիմա է ժամանակը դրա մասին խոսելու: Գազը սահմանից կրկնակի թանկ է հասնում սպառողին, ու հանձնաժողովի առաքելությունը լինելու է նաև ուսումնասիրել սահմանից սպառողին հասնող ամբողջ շղթան ու հասկանալ, թե տեխնոլոգիական կորուստների մասով ինչ իրավիճակ է», - ասաց նա։
Հովիկ Աղազարյանն էլ հայտարարեց, որ հաշվի առնելով այն տեղեկատվությունը, որ ինքն ունի, խնդիրը տարրական գողության մեջ է.
«Մարդիկ գնումների ժամանակ ինչ-որ բան ձեռք են բերում, օրինակ, 100 դրամով, բայց գրում են, որ գնել են 150 դրամով: Միայն նման երևույթները բացառելու հաշվին կարելի է նվազեցնել սակագները»,- վստահություն հայտնեց պատգամավորը: