23.11.2024
Շտապեք ընտրությունների՝ ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա. Բագրատյան
prev Նախորդ նորություն

Վարչապետ չընտրելու համար. Փաշինյանն ընդունել է ԵԼՔ և ՀՅԴ խմբակցությունների անդամներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականին ընդառաջ հանդիպել է ՀՅԴ եւ Ելք դաշինքի խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հետ:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանին և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին: Այս մասին հայտնում են ՀՅԴ-ի մամուլի ծառայությունից:


Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Արդեն քննարկումների նոր փուլն է և ուրախ եմ այս առիթի համար: Շատ եմ կարևորում այս երկխոսությունը և ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունն ու դերը մեր ժամանակակից քաղաքական կյանքում: Հույս ունեմ, որ մեր խոսակցությունները, քաղաքական գործընթացները և քաղաքայկան իրավիճակը կընթանան համագործակցության շարունակության տրամաբանությամբ և, իհարկե, մենք պատրաստ ենք անելու ամեն ինչ դրա համար:


Համոզված եմ, որ նաև ձեր ընկալումն է այդպիսին: Մենք քաղաքական այս իրավիճակում պետք է մշտական երկխոսության մեջ լինենք, քննարկենք խնդիրները: Ես չեմ ուզում ասել, որ մենք հույս ունենք, որ խնդիրներ չենք ունենա, դա ընդհանրապես լավ ռեժիմ չէ որևէ ժողովրդավարական երկրում, ուղղակի պետք է հուսալ, որ բոլոր խնդիրները հնարավոր կլինի քննարկել փաստարկների, երկխոսության և քաղաքական իրավիճակի հաշվառման և երկրի պետական ու ազգային շահերի, ժողովրդի շահերի տրամաբանության տեսանկյունից: Ուրախ եմ այս հանդիպման համար և շնորհակալ եմ նաև ձեր պատրաստակամության համար»:


Իր հերթին, Արմեն Ռուստամյանն ասել է. «Մենք ևս շնորհակալ ենք պարոն վարչապետ, բնականաբար, Դաշնակցությունն այն կուսակցությունն է, որ անկախ նրանից, թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան ներքաղաքական առումով, մենք հստակ ունենք մեր գաղափարներն ու քաղաքական դիրքորոշումները, որոնք անփոփոխ են մնալու: Մենք վստահ ենք, որ ի շահ մեր երկրի առջև կանգնած թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների լուծման, անկախ հետագա որևէ դասավարումից՝ մենք միևնույն է պետք է շարունակենք միմյանց հետ համագործակցել ի շահ մեր երկրի, մեր պետության: Այդ առումով, Դաշնակցության լիարժեք աջակցությունը միշտ եղել է և կլինի:


Իսկապես, շատ կարևոր է, որ այս փուլում մենք կարողանանք բոլոր խնդիրները լուծել փոխադարձ հարգանքով, միմյանց տեսակետները լսելով, համադրելով, որովհետև առողջ համագործակցությունը ենթադրում է նաև որոշակի հարցերի հետ կապված քննարկումներ, ինչու ոչ՝ բանավեճեր: Վստահ եմ, որ արդյունքում կարող ենք հանգել ընդհանուր հայտարարի, որովհետև մեր նպատակն իսկապես նույնն է: Մենք հենց սկզբից այս նոր իրադարձություններին, հեղափոխությանը, որ տեղի ունեցավ Հայաստանում, շատ մեծ արժևորում ենք տվել և իսկապես համարում ենք, որ հեղափոխությունն ունի փուլեր, որ պետք է անցնի: Մեզ համար մերժման փուլը նույնպես շատ կարևոր էր, որը ենթադրում էր մերժել անցյալի բոլոր բացթողումները, սխալները: Պետք է կարողանալ վերադասավորվել և անցնել արագ կառուցման և այդտեղ մեր ամբողջական աջակցության վրա Դուք կարող եք միշտ հույս ունենալ»:                


Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաեւ Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանին, պատգամավորներ Արամ Սարգսյանին, Սասուն Միքայելյանին եւ Հայկ Կոնջորյանին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս կարեւոր շրջափուլում ձեզ տեսնելու համար, որպեսզի քննարկենք այն իրավիճակը, որն այսօր ունենք եւ այն նոր փուլը, որը թեւակոխում ենք: Մինչ այդ ուզում եմ ասել, որ շատ բարձր եմ գնահատում այն ճանապարհը, որը միասին անցել ենք: Իհարկե, նաեւ այս անցումային շրջանում մենք պետք է որոշակի համաձայնություններ արձանագրենք, որպեսզի արդյունավետ քայլերով գնանք առաջ եւ հասնենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս ընթացքում նաեւ որոշակի իրավական գործընթացներ ապահովելու համար անհրաժեշտ կլինի, որ ԵԼՔ խմբակցությունն ակտիվ դերակատարում ունենա առաջիկայում՝ այս 14 օրվա ընթացքում:


Մեծ է հավանականությունը, իրավաբանների խորհուրդն է նաեւ այդպիսին, որ այս 14 օրվա ընթացքում առնվազն առաջին շրջափուլում որպես վարչապետի թեկնածու առաջադրվեմ, որպեսզի պրոցեսն ամբողջությամբ համապատասխանի օրենքի տառին եւ ոգուն, իհարկե չընտրվելու կանխավարկածով: Եվ այդ հարցով նույնպես կուզենայի մենք քննարկենք, նախապես պայմանավորվածություններ ձեռք բերենք, եւ իհարկե ընթացիկ քաղաքական իրավիճակը քննարկենք: Չնայած այս ընթացքում անընդհատ շփման մեջ ենք եղել, նաեւ ճգնաժամի պահին, բայց եւս մեկ անգամ հանդիպել, քննարկելու առիթը շատ հաճելի է, շնորհակալ եմ, որ արձագանքեցիք հրավերին»:


Իր հերթին, Արամ Սարգսյանն ասել է. «Մենք նույնպես շնորհակալ ենք համատեղ աշխատանքի համար: Ջանասիրությամբ ու գործին նվիրվածությամբ, եռանդով ինչպես աշխատել ենք ԵԼՔ դաշինքում միասին՝ որպես խմբակցության ղեկավար եւ որպես խմբակցության անդամներ, այնպես էլ շարունակելու ենք աշխատել անկախ նրանից, թե որ քաղաքական թեւը կամ ինչ մոտեցում կներկայացնենք: Այս խնդրում միանշանակ կողմնակից ենք իրավական ճիշտ լուծումների: Իրավաբանների առաջարկած ցանկացած մոտեցում, ինչը ձեռնտու է վարչապետին, մեզ միանշանակ ձեռնտու է»: