Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զինամթերքը Մարտի 1 հետ կապ չունի. ՀՔԾ
ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ կապված տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։
Նրա խոսքով, փորձաքննությունն այդ մասով ավարտվել է և հայտնի է դարձել, որ համընկնումներ չկան։
«Մարտի 1-ի դեպքերի հետ համընկնումներ չկան», — շեշտեց Սասուն Խաչատրյանը։
Հիշեցնենք, Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք:
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը ձերբակալվեցին: Ավելի ուշ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ կա վարկած, որ հայտնաբերված զենքերը հնարավոր է առնչություն ունեն 2008-ի մարտի 1-ին կիրառված զենքերի հետ։