VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաոշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայտնի հայտարարությունից հետո՝ երեկոյան, Գեւորգ Կոստանյանը գնացել է ՀՀԿ գրասենյակ, ՀՀԿ-ականներն ահավոր տարակուսած են եղել նրա «դավաճանությունից»։ Խոսակցությունը Սերժ Սարգսյանի հետ «հեշտ չի ընթացել»՝ տեղեկացրեց ՀՀԿ-ական մեր զրուցակիցը։ Եվ չնայած Կոստանյանը վստահեցրել է, որ ոչինչ չի փոխվել, ինքը մնում է թիմի անդամ, թիմն ինչ որոշի՝ կանի եւ առաջիկայում շարունակելու է քննիչ հանձնաժողովի աշխատանքները, այդուհանդերձ, նախօրյակին՝ ՌԴ դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի թաղմանը մասնակցելու մեկնած, որոշ տեղեկություններով՝ ՌԴ դատախազ Չայկային հանդիպած Կոստանյանի վարքագիծը խորը զարմանք է առաջացրել ողջ ՀՀԿ-ի մոտ։ ՀՀԿ-ում կարծում են, որ Կոստանյանի հայտնած մտքերը թիմը կապիտուլացնելու հզոր ազդակ էր։ Մոսկվա մեկնելուց առաջ Կոստանյանը հանդիպել էր նաեւ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ։ Եվ դա Միրզոյանի միակ հանդիպումը չի եղել «կարկառուն» ՀՀԿ-ականների հետ․ ընտրությունների պատրաստվող իշխանությունը ոչ միայն փորձում է իր կողմը քաշել ՀՀԿ-ական պատգամավորներին, այլեւ փորձում է թարմացնել իր կադրային բանկը, վարչապետն անգամ նման հայտարարություն արեց, որ բոլորի պոտենցիալը պետք է օգտագործվի։ ՀՀԿ-ական գաղափարական թեւի հետ հանդիպումներում Միրզոյանը հարցադրում է արել․ «Ո՞նց եք տեսնում զարգացումները, որտե՞ղ եք ձեզ տեսնում այդ զարգացումներում»։ ՀՀԿ-ականների մի մասը չորով հասկացրել է՝ «չենք տեսնում», մյուսները պատրաստ են «համագործակցության»։ Իշխանությունների կադրային որոնումները չեն ավարտվում պատգամավորների շրջանակներով․ նրանք հանդիպում են նաեւ նախկին իշխանությունների «պրոֆի» համարվող կադրերի հետ, բանակցում։ Նման «հետաքրքիր» հանդիպումներ ունենում է նաեւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ի դեպ, նա արդեն «գիտի»՝ քաղաքապետարանից ով է մնալու եւ ով է գնալու։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ծառուկյան-Փաշինյան հուշագիրը խառնել է քաղաքական դաշտի խաղացողների խաղաքարտերը։ Բանն այն է, որ իշխանությունը վստահեցրել է, որ չի խանգարի Ծառուկյանին խորհրդարան մտնելու հարցում, քաղաքական հետապնդումներ, ճնշումներ չեն իրականացվի, իսկ դա նշանակում է, որ մյուսները կպայքարեն երրորդ եւ չորրորդ տեղի համար։ Մինչդեռ շատերը հույս ունեին, որ Փաշինյանն ի վերջո Ծառուկյանին քաղաքականությունից կհեռացնի, եւ ԲՀԿ-ն կդադարի մրցակից լինելուց, ինչն իրենց առջեւ նոր հորիզոններ կբացի։ Ինչպես ասում են՝ չկան հավերժ թշնամիներ, կան միայն շահեր։
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թեև բոլորից շատ է քննադատում նախկին իշխանություններին, սակայն իր ղեկավարած կառույցը ակտիվորեն համալրում է նախկին իշխանության ներկայացուցիչներով: Սանասարյանը վարչության պետի պաշտոնում է նշանակել հարկային համակարգում կոռուպցիայի ճարտարապետներից մեկի` ՊԵԿ նախկին փոխնախագահ Արմեն Ալավերդյանի որդուն: Որդիներն, իհարկե, պատասխանատու չեն հայրերի համար, բայց մի պահ պատկերացրեք, որ Ալավերդյան կրտսերը փորձում է բացահայտել հոր կամ նրա բազմաթիվ գործընկերների կողմից կատարված հնարավոր չարաշահումները»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս օրերին Հայաստանում է գտնվում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Պարզվում է` Հայաստան նրա այցը կապված է ներքաղաքական վերջին իրադարձությունների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Զատուլինը տեղեկացրեց, որ հանդիպել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների: Սակայն նրան չի հաջողվել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Փորձ եմ արել հանդիպել Նիկոլ Փաշինյանի խորհրդականների կամ որեւէ այլ անձի հետ, բայց կարճ այցի ընթացքում` կիրակի օրով, դա չստացվեց: Բայց այդպիսի ցանկություն իսկապես կար: Փորձել եմ հավաքել շատ կարծիքներ եւ հասկանալ, թե հետագայում ինչ կարող է լինել»,- ասել է Զատուլինը: Նա նշել է, թե իրենց հետաքրքրում է հայաստանյան ներքաղաքական զարգացումները, ավելին` իրենք որոշակի անհանգստություն ունեն: «Ի՞նչ զարմանալի բան կա, որ մենք անհանգստացած ենք ՀՀ-ում տիրող իրավիճակով»,- ասել է նա:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի եւ կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել ժողովրդավարական արժեքները եւ օրենքները։ Ուշագրավ է, որ հոկտեմբերի 7-ից Ստրասբուրգում է նաեւ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ մասնակցում են աշնանային նստաշրջանին։ Այնտեղ է նաեւ «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով արտահերթ ընտրությունների մասին ելույթ է ունեցել՝ նշելով դրանց անհետաձգելիությունը։ Նազարյանին ԵԽԽՎ գործուղելով՝ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի վստահում Մարուքյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն, երբեմնի իշխող կուսակցությունը, վերջնականապես ընդունում է իր պարտությունը` համաձայնելով օրենսդիր իշխանությունից հեռանալուն: Սա, իհարկե, սպասելի էր հատկապես հոկտեմբերի 2-ին տեղի ունեցածից հետո, երբ քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ կոչով շրջափակեցին ԱԺ-ն` պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում: Միաժամանակ, արդեն երկու օր է` ՀՀԿ խմբակցության պատգամավորները հերթով հայտարարում են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը սատարելու մասին` ստորագրելով համապատասխան տեքստի տակ: Եւ այս իրավիճակում ՀՀԿ-ին այլ բան չէր մնում, քան արժանապատվորեն ընդունել սեփական պարտությունը եւ համաձայնել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը: «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ ՀՀԿ-ականները որոշել, նույնիսկ «հայհոյանք են դրել», որ ոչ մի դեպքում չեն գնա ԱԺ արտահերթ ընտրությունների: Սակայն նրանք մտափոխվել են այն բանից հետո, երբ ՀՀԿ ղեկավարությունը պարզապես խաբել է: Մեր տեղեկություններով` հոկտեմբերի 2-ին` աղմկահարույց օրինագծի ընդունման օրը, պարզվում է` ՀՀԿ խմբակցության պատգամավորներից շատերին փորձել են խաբեությամբ բերել խորհրդարան: Ասվել է, որ երեկոյան հանդիպում է լինելու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մոտ, որ բոլորը պետք է մասնակցեն, կարեւոր հարց կա քննարկելու: Սկզբում ասվել է, որ հանդիպելու են ուրիշ վայրում, հետո կանչել են ԱԺ: Այստեղ էլ տեղեկացել են, որ պետք է կողմ քվեարկեն աղմկահարույց օրինագծին: Եւ ՀՀԿ-ականներից շատերը վիրավորվել էին, որ գործընկերներն իրենց խաբել են, ու շատերը հենց այդ պատճառով են որոշել լքել խմբակցությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հեղափոխությունից հետո շարունակում է համակարգում պահել կամ աշխատանքի ընդունել ՀՀԿ-ականների։ Օրինակ՝ Արաբկիրի հարկայինը ղեկավարում է Ռոբերտ Քոչարյանի հարսի՝ երգչուհի Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի սանիկը` Տիգրան Մարտիրոսյանը։ Մաշտոցի հարկայինը ղեկավարում է Վահրամ Բաղդասարյանի փեսայի՝ Աջափնյակի ՀՀԿ-ական թաղապետ Արտավազդ Սարգսյանի եղբայր Կարեն Սարգսյանը։ Էրեբունու հարկայինի պետը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորյալ Հրայր Կարապետյանն է։ Այս բոլոր տեսչությունների աշխատանքը համակարգում և ղեկավարում է համանուն վարչության պետ, թալանի դարաշրջանի կարկառուն ներկայացուցիչ Տիգրան Զաքարյանը, ով Սերժ Սարգսյանի երկարամյա օգնական Մարտին Զաքարյանի որդին է: Նա հայտնի է նրանով, որ Անդրանիկ Մարգարյանի վարչապետության ժամանակ ծննդավայրը փոխել և նշել էր Անդրանիկ Մարգարյանի ծննդավայր Իրինդ գյուղը, սակայն նրա մահից հետո նորից դարձել էր երևանցի»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարությունը նախագծերն ուղարկելիս նաեւ խնդրել է` որքան հնարավոր է արագ ներկայացնել մասնագիտական կարծիքը փաստաթուղթն ամբողջացնելու եւ ԸՕ-ն արագ ԱԺ քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելու համար: Մասնավորապես նախատեսվում է ԸՕ նախագիծը ներառել հոկտեմբերի 23-ից մեկնարկող հերթական նիստերի օրակարգում, որպեսզի դեկտեմբերին նախատեսված ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվեն նոր օրենսգրքով, հարյուր տոկոս համամասնական ընտրակարգով: Իսկ եթե այնուամենայնիվ ինչ-ինչ պատճառներով ԸՕ-ն չհաջողվի ընդունել մինչեւ դեկտեմբեր, ապա իշխանությունները պատրաստ են նաեւ այդ տարբերակին: Ամեն դեպքում, փորձը ցույց է տվել, որ կարեւոր է ոչ այնքան օրենսդրության որակը, որքան քաղաքական կամքը: Եւ եթե իշխանություններն ունեն լավ ընտրություններ անցկացնելու համար բավարար կամք, ապա այդպես կլինի, ինչպես եղավ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ: