ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել 2018 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը: Այն ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Համաձայն հիմնավորման, բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ սահմանվում է 150 ԱՄՆ դոլար՝ 1 հազար խոր. մետրի համար:
«Սույն արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է գտնում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի՝ Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության հաստատումը Հանրապետության նախագահի կողմից»,- ասվում է հիմնավորման մեջ:
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր էներգետիկայի նախարար Գարեգին Բաղրամյանին հնարավորինս արագ ավարտել Ռուսաստանից ստացվող գազի գնագոյացման վերլուծությունը և ներկայացնել առաջարկների փաթեթ` նոր գին սահմանելու համար։
Փաշինյանի և Բաղրամյանի զրույցը տեղի է ունեցել գերատեսչության կուլուարներում և հեռարձակվել վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով։
Փաշինյանը սկզբից հետաքրքրվել է` հիմա որ փուլում են գազի վերաբերյալ բանակցությունները և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Բաղրամյանն ասել է, որ մի հանդիպում արդեն եղել է։ Բայց չի նշվում, թե հանդիպմանն ինչ ձևաչափով է մասնակցել ռուսական կողմը։
Ի պատասխան Փաշինյանը տեղեկացրել էր, որ հնարավոր է` նոյեմբերի 8–ին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ևս մի հանդիպում տեղի կունենա դեկտեմբերի կեսին։ Նրա խոսքով` որքան շուտ ձևավորվեն առաջարկներն, այնքան լավ։
Բաղրամյանը նաև ասել է, որ 150 դոլար գինն արդարացված չէ, և օպտիմալ կլիներ սահմանին 140 դոլարը, իսկ սպառողների համար սակագինը նույնպես պետք է վերանայել։ "Անհրաժեշտ է հիմնավորել առաջարկները լուրջ փաստարկներով", - ասել էր Փաշինյանը։
«Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով, «Գազպրոմի»` Հայաստանում գործող դուստր կազմակերպությունը` «Գազպրոմ Արմենիան», 1000 խմ գազի դիմաց սահմանին վճարում է 150 դոլար։ Հայաստանի շարքային սպառողը գազի դիմաց վճարում է 290 դոլար, ոչ ապահով խավերը` 80 դոլար, իսկ 10 000 խմ-ից շատ սպառող խոշոր բաժանորդները վճարում են 242 դոլար, ջերմոցային ու վերամշակող ընկերությունները` 212 դոլար։