24.11.2024
Գաղտնալսված խոսակցությունները կարող են սերիալների պես հրապարակվել․ Ֆելիքս Ցոլակյան
prev Նախորդ նորություն

Մամուլ. Արթուր Վանեցյանը շահեկան դուրս եկավ. գաղտնալսողները դրսից են, թե՞ ներսից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են:  Մեր տեղեկություններով, այս առումով հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում: Ասում են, թե իշխանության ներսից է եղել ցանկություն, որ ՀՔԾ և ԱԱԾ պետերին նման անհարմար վիճակի մեջ դնեն: Չնայած ուշագրավն այն է, որ այդ գաղտնալսումից, այսպես ասած, ավելի շահեկան դուրս եկավ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը: Վերջինս դիտարկվում է ավելի զգուշավոր այս իրողություններում, ինչին իշխանական վերնախավը չի կարող հանգիստ վերաբերվել: Կասկածներն ավելի են խորանում այն առումով, որ չնայած դրսից են եղել գաղտնալսողները, բայց ներսում հաստատ օգնող ձեռքեր կան»:


 


«Ժամանակ» թերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանը մեզ հետ զրույցում որևէ կարծիք չհայտնեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմունիտետի հետ կապված վիճահարույց հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ իր մեկնաբանությունը կարող է համարվել ճնշելու կամ ուղղորդելու փորձ։ Խունդկարյանը նաև չասաց՝ Վճռաբեկ դատարանը Քոչարյանի հարցով դիմելո՞ւ է Սահմանադրական դատարան, թե ոչ։ «Վճռաբեկ դատարանը ստացել է բողոք, քննության համար 90 օր ժամկետ է նախատեսված։ Գործը ստանալու պահից Վճռաբեկ դատարանը ունի 1 ամիս ժամանակ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու համար։ Իսկ եթե այդպիսի հիմքեր առկա չեն, ապա 3 ամսում կքննարկվի բողոքը»,- ասաց Խունդկարյանը։ Երվանդ Խունդկարյանն անդրադարձավ նաև ԱԱԾ ու ՀՔԾ պետերի գաղտնալսման ձայնագրության այն դրվագին, որտեղ խոսք է գնում դատավորի մասին։ Նա ասաց, որ դատավորներն անկախ են, և որևէ անձ իրավունք չունի միջամտելու նրա գործունեությանը։ Ամեն դեպքում ինքը համոզված չէ, որ դատավորը զանգել է իր անելիքները համաձայնեցնելու համար»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը եւեթ ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։ Օրեր առաջ, երբ գրել էինք, որ փորձաքննության արդյունքների համաձայն այդ զենքը կապ չունի Մարտի 1-ի հետ, ՀՔԾ-ից հերքում էին տարածել, որ փորձաքննությունն ավարտված չէ։ Երեկ մենք կրկին հետաքրքրվեցինք փորձաքննության արդյունքներով։ ՀՔԾ խոսնակը մեզ հայտնեց, որ դեռ չի ավարտվել, սակայն եթե ավարտվի էլ, հնարավոր է արդյունքները մեզ չտրամադրեն։ «Եթե քննիչը դրա անհրաժեշտությունը տեսնի, ապա կտրամադրենք»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, որ հարցը հանրային մեծ հնչեղություն ունի, ի՞նչ հիմնավորմամբ չպիտի տրամադրվի փորձաքննության արդյունքը, ասաց․ «Նախաքննության շահերից ելնելով»։ Այսինքն՝ մարդկանց վարկաբեկելիս հայտարարում են, իսկ արդարացնելիս՝ ոչ։ Մեր աղբյուրներն ասում են, որ փորձաքննությունը վաղուց է ավարտվել։ Պարզվել է, որ 17 անուն զենքից 15-ն ընդհանրապես կրակված չէ, իսկ 2-ը, մեր աղբյուրի պնդմամբ, կիրառվել է 2010-ի դեպքերի ժամանակ, երբ Հովիկ Աբրահամյանի որդին ու եղբորորդին իրենց ընկերների հետ ծեծի էին ենթարկել Ղազարյանների տաքսիների վարորդներին, առեւանգել մեքենաները, այրել, հետո կրակահերթ բացել նրանց տան վրա, որից հետո Գազի Հովոյի որդին հետապնդել էր Ջոնիկ Աբրահամյանի որդուն եւ կրակել նրա մեքենայի վրա։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»: Երեկ Փաշինյանն արձագանքել է այս խոսքերին, ասել. ««Մարտի 1-ի» հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008թ. մարտի 1-ին»: Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են մարտի 1-ի գործով նախաքննությունը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարիներին ՀՀ-ից հեռացել են մարտի 1-ի գործով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ: Բացի այն, որ ՀՀ-ից հեռացել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում հետախուզում է հայտարարված, այստեղ չէ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, իրավապահ համակարգի մի շարք այլ միջին կալիբրի պաշտոնյաներ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։ Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի եւ վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում VTB-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը։ Մեզ ասացին, որ բանկի կողմից նշանակված անձը ժամանակավորապես կստանձնի տնօրենի պաշտոնը, ապա բանկը կառողջացնի այն եւ կվաճառի նոր գնորդի։ Մեր տեղեկություններով, Մեջլումյանը մոսկվացիների հետ մեկնել է Թեղուտ եւ, հավանաբար, փորձելու է հանքի աուդիտի ժամանակ աչալուրջ լինել, որ այն հնարավորինս բարձր գնահատվի եւ փակի ողջ վարկային պորտֆելը։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաեւ ԱԺ այս նստաշրջանին: Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել, եւ մինչեւ հիմա նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ են մնացել, որոնք էլ նորագոյացությունների պատճառ են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, Միքայելյանն ապաքինվում է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու եւ զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին տված հանձնարարականից հետո հետաքրքիր պատկեր է բացահայտվել: Շատ օլիգարխներ կամ նախկին պաշտոնյաներ ստեղծել են իրենց մասնավոր պահնորդական կազմակերպություններն ու օգտվում են դրանց ծառայությունից: Ընդ որում, այդ ամենը նրանք հիմնադրել են միանգամայն օրինական ճանապարհով. այդպիսի բան է նախատեսված ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում ստացվում է, որ պետության մեջ ստեղծվել են փոքրիկ զինված խմբավորումներ (որոշ դեպքերում՝ բանդաներ հիշեցնող), եւ սա օրենսդրական բացի պատճառով: Եթե նախկինում թիկնապահ տրամադրում էր ոստիկանության ՊՊԳՎ-ն, ապա 2012թ. ուժի մեջ է մտել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենք, համաձայն որի` 500 հազար դրամ պետական տուրք մուծելուց հետո կարելի է ոստիկանությունից լիցենզիա ստանալ ու բացել պահնորդական ընկերություն, զինված մարդիկ։ Արդյունքում ստացվել է այնպես, որ նախկին իշխանության շատ ներկայացուցիչներ այսօր ունեն նման կազմակերպություններ:


«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Ալֆա Դելտա» ընկերության իրական տերն, օրինակ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին է՝ Արման Սահակյանը, «Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերության անունից պարզ է՝ այն առնչվում է ԵԿՄ-ին, հիմնադիրը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է՝ Արմանը: «Լեգիոն» պահնորդական ընկերությունը, որ նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տների պահպանությունն է իրականացնում, պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի մորաքրոջ որդուն` Եղիշե Սիմոնյանին: ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին են պատկանում «Գրիֆ» եւ «Միհր» պահնորդական ընկերությունները: Իսկ «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին, հիմնադիրն էլ նրա կինն է՝ Գայանե Մինասյանը: Ու հիմա ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը բացի «ռեյդեր» անելուց, պետք է օրենսդրությունը փոխի եւ ոլորտը ոստիկանության կամ ԱԱԾ-ի տրամադրության տակ դնի: Այլընտրանքը զինված խմբավորումների գոյությունն է «օրենքի» սահմաններում»: