Վարչապետին մոլորության մեջ են դրել ԼՂ հարցում․ Նալբանդյանն արձագանքել է Փաշինյանի խոսքերին
Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով: Այսպես է արձագանքել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա, հայտնում է tert.am-ը։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգաիյն ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, արձագանքելով ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին, վերահաստատել էր նախկինում իր կատարած պնդումն առ այն, որ Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել «հողերի հանձնման վերաբերյալ առեւտուրը», որտեղ խոսք չկա անգամ Արցախի կարգավիճակի մասին:
«Երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Ես չեմ ասում, որ դուք այդ տարբերակն ընդունել և ստորագրել եք», - հայտարարեց վարչապետը:
Որպես նախկին ԱԳ նախարար, որն անմիջական պատասխանատվություն և մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացում, Նալբանդյանը նշել է, որ վարչապետին մոլորության մեջ են դրել։
«Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով», - ասաց նա: