ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է իմանա` Հայաստանի հետ հնարավոր չէ խոսել սպառնալիքների լեզվով:
Հայաստանի վարչապետը նշել է, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղում է, որովհետև Ադրբեջանն օգտագործում է ռազմական հռետորաբանություն, սպառնում է պատերազմով, իսկ այդ մթնոլորտում չեն կարող լինել կառուցողական բանակցություններ:
Փաշինյանը փաստացի արձանագրում է այն ստատուս-քվոն, որն այժմ առկա է ղարաբաղյան գործընթացում` բանակցություններ չկան և գործընթացը մտել է փակուղի: Բաքուն շարունակում է հարցը դիտարկել «կա՛մ ամբողջ Ղարաբաղը, կա՛մ պատերազմ» բանաձևի տրամաբանության շրջանակներում: ՀՀ-ն հայտարարում է, որ չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների ադրբեջանական սպառնալիքների ներքո: Ադրբեջանի կողմից հնչող սպառնալիքներն ու սահմանային սադրանքներն ունեն հակառակ էֆեկտ` հայ հասարակությունն արտաքին սպառնալիքի պայմաններում ավելի է համախմբվում ու անզիջում է դառնում ղարաբաղյան հարցում:
Ադրբեջանը չի պատրաստվում ճանաչել Ղարաբաղը կամ բանակցային սեղանի շուրջ նստել պաշտոնական Ստեփանակերտի հետ, քանի որ դա քաղաքական ինքնասպանություն է Իլհամ Ալիևի համար` ալիևյան կլանը չի գնա այդպիսի քայլի:
Ապրիլյան պատերազմից հետո շատ բան է փոխվել նաև Արցախում` արցախահայությունը տեսավ, որ Բաքուն օգտագործելու է ցանկացած հարմար առիթ տարածքներ հետ գրավելու ու առաջնագծում ի օգուտ իրեն սահմանի կոնֆիգուրացիան փոխելու համար:
ՀՀ-Արցախը, որպես տանդեմ, միավորվում են նաև Ադրբեջանին դիմակայելու հարցի շուրջ` միասնական դիրքորոշումն այստեղ այն է, որ քանի դեռ Բաքուն չի հրաժարվել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից ու տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ի ՝ Երևանի, Սյունիքի և այլնի նկատմամբ, բանակցային գործընթացը մնալու է փակուղում:
Փակուղային իրավիճակը ղարաբաղյան բանակցություններում շատ վտանգավոր է, կողմերը զինվում են և հատկապես Ադրբեջանը շարունակում է միլիոնավոր դոլարների նորագույն զենքեր գնել, ու ցանկացած սադրանք առաջնագծում կարող է կողմերին տանել լայնածավալ ռազմական գործողությունների:
Այստեղ կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ու հատկապես ՌԴ-ի դերակատարումը` օգտագործելով բոլոր լծակները կողմերին զերծ պահել լայնամասշտաբ պատերազմից: Հարավային Կովկասի ապակայունացումը չի բխում ՌԴ-ի ազգային, պետական շահերից ու Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորումը Մոսկվայի համար այլընտրանք չունի: