26.11.2024
Ո՞ր պայմանով կհեռանա Փաշինյանը վարչապետի կարգավիճակից
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀԿ-ականները երդվել ու «հայհոյանք» են դրել` ԱԺ-ն ոչ մի դեպքում չեն ցրելու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության եւ խորհրդարանի միջեւ հակամարտությունը շարունակվում է: ՀՀԿ-ն, որ շարունակում է իր ձեռքում պահպանել օրենսդիր իշխանությունը` խորհրդարանում մնալով ամենաշատ թվով պատգամավորներ ունեցող խմբակցությունը, ոչ մի կերպ չի ցանկանում գնալ ԱԺ ինքնալուծարման եւ արտահերթ ընտրությունների: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, հիմա ՀՀԿ-ն այս հարցում դաշնակիցներ է որոնում խորհրդարանական մյուս ուժերի մեջ, եւ ասում են՝ մյուս խմբակցություններում (որոնք, ի դեպ, Փաշինյանի կառավարության կազմում են) գտել է համախոհների: Ու հիմա նրանք որոշել են, որ կողմ չեն քվեարկելու խորհրդարանի լուծարման տանող ցանկացած որոշման` որպես պատճառաբանություն բերելով այն հանգամանքը, որ ԱԺ-ն բնականոն աշխատում է, չի խոչընդոտում կառավարության գործունեությանը, այլ ընդունում նրանց բերած օրենքները: Եվ պատահական չէ, որ նոր կառավարության ներկայացրած նախագծերը չնայած ՀՀԿ-ականների քննադատություններին, ԱԺ-ում ընդունվում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները վերջերս՝ մի հանդիպման ժամանակ, իրենց մեջ երդվել ու «հայհոյանք» են դրել, որ կողմ չեն քվեարկի ԱԺ-ն ցրելու վերաբերյալ ցանկացած նախաձեռնության: Ասել է թե՝ նախկին իշխանությունները շարունակում են մնալ ոչ թե քաղաքական, այլ տղայական որոշումների մակարդակի: Ի դեպ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ այսօր ԱԺ-ն ցրելու հիմքեր չի տեսնում: Իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն ատամները սրած սպասում են նոր կառավարության սայթաքումներին ոչ միայն ներքաղաքական դաշտում, այլեւ արտաքին քաղաքականության մեջ` հայ-ռուսական հարաբերություններում: Այս առումով լավագույն ցուցիչը լինելու է սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. բոլորը սպասում են, թե ինչպես է անցնելու այդ հանդիպումը: Այս լուրերի համատեքստում ուշագրավ է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը. «Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք ՀՀ իշխանության, իսկ երբ կհեռանամ, պետք է ունենամ հստակ երաշխիքներ, որ որեւէ մեկին թույլ չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»,- ասել է վարչապետը»:


«Իրատես» թերթը գրում է. «Մինչ իշխանությունը մտածում է ինչպես անել, որ վարչապետը հրաժարական չտա, իսկ խորհրդարանն էլ ինքնալուծարվի, ԱԺ մեծամասնությունը հանգիստ հետևում է Նիկոլ Փաշինյանի սահմանադրական փոփոխության այդ տարբերակի միս ու արյուն ստանալուն: Նախկին իշխանություններին դա չի անհանգստացնում մի պարզ պատճառով: Ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ-ն ոչ մի դեպքում մտադիր չէ այդքան հեշտությամբ զիջելու իրեն մնացած վերջին հնարավորությունը: «Մենք մեր դե՞մ ենք քվեարկելու, որ նման փոփոխություն ընդունվի: Եթե Նիկոլ Փաշինյանը, որ ողջ հանրության վստահությունն իրենն է համարում, վախենում է հրաժարական տալուց, մենք ինչո՞ւ ենք հենց այնպես հանձնում մեր իշխանությունը: Թող խորհրդարանն էլ ընդդիմադիր լինի, ի՞նչ է եղել որ»,- նշեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը: Մնում է հասկանալ, թե Փաշինյանի իշխանությունը սահմանադրական փոփոխության ինչ տարբերակ պետք է մտածի, որ և՛ ինքը մնա վարչապետի պաշտոնում, և՛ ՀՀԿ-ին համոզի սեփական «մահվան» կոճակը սեղմել, և՛ խորհրդարանն ինքնալուծարվի, և՛ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպվեն: Փաստորեն, նախորդ վարչապետի «հագով» ձևված սահմանադրությունը նոր վարչապետի համար, այդուհանդերձ, «նեղ» է ստացվել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը, որ եղել է խորհրդարանում ստեղծված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամներից մեկը, «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Այդ հանձնաժողովը ստեղծված չէր ամբողջական պատկերն արտացոլելու համար։ Խնդիրը, որ հանձնաժողովի առջեւ էր դրված, նա կատարեց։ Բայց չկատարեց այն խնդիրը, որ հասարակության կողմից էր առաջ քաշված եւ հասարակությանն էր անհանգստացնում: Իշխանություններին անհրաժեշտ էր ցույց տալ, որ մենք հետաքննում ենք այս գործը, եւ վերջում պարզվեր, որ մեղավոր չկա, ինչն էլ արվեց»։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ հիմա` նոր իշխանությունների օրոք, մարտի 1-ի դեպքերը կբացվեն: «Գիտեք ինչ, գործի վերաբացումն ընդամենը մի կետն է։ Հենց որ այդ գործընթացը կընթանա, եւ մենք այդ ընթացքի հետ կապված կկարողանանք ունենալ այնքան տեղեկատվություն, որ հետեւություն անելու հնարավորություն կունենանք, այդ ժամանակ ես կմեկնաբանեմ»,- ասել է Արսենյանը»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դատապարտյալները սպասում են, որ Անկախության տոնի` սեպտեմբերի 21-ի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանը համաներում կհայտարարի։ 2013-ից համաներում չի իրականացվել։ Արդարադատության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ գործընթաց դեռ չկա, եթե կա, ապա խիստ գաղտնի է։ Սակայն մասնագիտական գնահատմամբ՝ համաներում հայտարարելուց առնվազն 1,5 ամիս առաջ պետք է սկսեն զբաղվել դրանով, հստակեցնեն հոդվածները, տվյալներ պահանջեն ՔԿՀ-ներից, ճշտեն դատապատյալների թիվը եւ այլն։ Ի դեպ, մեզ ասացին, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց անմիջապես հետո կային քննարկումներ ու մտադրություններ, սակայն հետագայում առկախվել են»։


«Իրատես» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանափոխությունից հետո ոստիկանությունում իրավիճակը բավականին խնդրահարույց է: Սա ցայտուն երևում է ճանապարհային ոստիկանության աշխատանքում: Մի կողմից` ցածր աշխատավարձի պատճառով համակարգից հեռանում են ՃՈ աշխատակիցները, մյուս կողմից էլ նոր ղեկավարության հետ կապված մեծ վերապահումներ կան: Մինչ երկրորդ հանգամանքին անդրադառնալը նշենք, որ Երևանում ճանապարհային ոստիկանների թիվը բավականին պակասել է, այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, մոտակա մարզերի ոստիկաններն են հաճախ ծառայություն իրականացնում մայրաքաղաքում: Մեկ այլ ուսումնասիրության «նյութ» է ոստիկանապետի աշխատաոճը: Համակարգում արդեն սովորական են դիտարկում այն հանգամանքը, որ Վալերի Օսիպյանը թերանում է աշխատանքում: Ոստիկաններն անգամ պատմում են, որ հաճախ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ ինչ-որ գործ ուղարկվում է բոլորովին այլ վարչություն, զեկուցագրերը գնում են այլ ուղղություններով, իրական «տերերին» չեն հասնում, ու աշխատանքը տապալվում է: Ի դեպ, որևէ նշանակում, ըստ համակարգի աշխատակիցների, առանց վարչապետի ուղիղ հավանության չի լինում: Բոլոր պաշտոնների նշանակման գործում անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությունը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկության գործով դատավորների ընտրությունը Բարձրագույն դատական խորհրդի վրա շատ թանկ է նստել: Դատավորները, որոնք չեն ընտրվել Սնանկության գործով դատարանի կազմում, հերթով դիմում են դատարան՝ բողոքարկելով ԲԴԽ որոշումները: Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ին դատի էին տվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ի դեմ դատական հայց ներկայացրած հերթական դատավորը Լիզա Գրիգորյանն է: Նա դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով վերացնել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները: Բացի այդ, դատական համակարգում ստորագրահավաք է սկսվել, որով դատավորները պահանջում են, որ ԲԴԽ անդամներն արտահերթ նիստ հրավիրեն, հանդիպեն իրենց հետ: Հանդիպումը կայացել է, սակայն դատավորները դժգոհ են, քանի որ ԲԴԽ անդամներն իրենց գործողությունների հետ կապված ոչ մի պատճառաբանություն չեն ներկայացրել՝ ասելով. «Ինչ արել ենք, լավ ենք արել»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովում քննարկվելու է Կենտրոնական բանկի խորհրդի նոր անդամի թեկնածությունը։ Նախկին անդամ Արկադի Խաչատրյանի ժամկետը լրացել է, նա նշանակվել է ԿԲ նախագահի խորհրդական։ Խորհրդի նոր անդամի թեկնածուն ԿԲ Դիլիջանի դպրոցի տնօրենն է՝ Մարտին Գալստյանը, ում ԿԲ-ում արդեն շնորհավորում են առաջխաղացման կապակցությամբ։ Այս նշանակումն ուշագրավ ենթատեքստ ունի։ Բացի այն, որ Գալստյանը Հարվարդում կրթություն ստացած հմուտ մասնագետ է, նաեւ ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է՝ հայտնի ընդդիմադիր եւ «լեւոնական»։ Բայց առավել ուշագրավ է, որ այս թեկնածությունն առաջադրել է ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։ Նախկին կարգը, երբ ԿԲ խորհրդի անդամին նշանակում էր ՀՀ նախագահը, փոխվել է, այժմ խորհրդի անդամներին նշանակում է ԱԺ-ն՝ ֆինանսավարկային հանձնաժողովի առաջարկով։ Տեղեկությունները հաստատեցին ե՛ւ ԿԲ-ից, ե՛ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունից։


«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ կատարվում է մայրաքաղաքում արդեն երկու ամսից ավելի, դժվար է որակել քաղաքակիրթ բառապաշարով: Աղբի հսկայական կուտակումներ, գարշահոտություն, իսկ աղբահանության համար պատասխանատու կազմակերպությունը՝ «Սանիթեքը», ուղղակի անգործության է մատնված: Դեռ մեկ ամիս առաջ անդրադառնալով այս խնդրին՝ զրուցել էինք կառույցի պատասխանատուներից մեկի հետ, ով ասել էր, թե տեխնիկական խնդիր ունեն, այն է՝ մեքենաների մեծ մասը փչացել է, իսկ խնդիրը կկարգավորվի մի քանի օրից, երբ նոր մեքենաներ կունենան: Ոչ միայն մի քանի օրից, այլև մեկ ամսից էլ չի կարգավորվում խնդիրը: Ավելին, մեր զրուցակիցն ասել էր, թե անլուրջ է իրավիճակը որպես սաբոտաժ որակելը: Որպեզի հասկանանք, թե իրականում ինչ է կատարվում, ինչպես հանկարծ շարքից դուրս եկան բոլոր մեքենաները ու երբ «Սանիթեքը» «շարք կվերադառնա», գրավոր հարցում ենք ուղարկել նրանց: Օրենքով նախատեսված ժամկետում պատասխան չենք ստացել: Չունե՞ն ասելիք, թե՞ արդեն առաջնորդվում են «թքած ունենալու» սկզբունքով, դժվար է ասել: Իսկ հարցերը հետևյալն էին. ի՞նչ ժամկետներում կկարգավորվի առկա խայտառակ վիճակը, ի՞նչ փուլում է նոր մեքենաներ ունենալու գործընթացը, արդյոք «Սանիթեքի» նման գործելաոճը կապված չէ իշխանափոխության հետ: Եվս մեկ հարց վերաբերում էր բարձրահարկ շենքերի աղբատար խողովակների փակման հետ»: