VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել: Ի վերջո, Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի` կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տարածված տեղեկությունների առնչությամբ մեկնաբանությունների համար դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արմեն Եղոյանին, ով նշեց. «Անհասկանալի շրջանակներից շրջանառության մեջ դրված լուրերը չեմ մեկնաբանում»»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, հայաստանյան իրավապահ մարմիններն անհարմար վիճակի մեջ են հայտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի գործով եւ հիմա չգիտեն, թե ինչպես դուրս գան իրենց հայտարարության տակից։ Խոսքն այն հայտարարության մասին է, որ այդ զենքը կիրառվել է Մարտի 1-ի ժամանակ։ ՀՔԾ մեր աղբյուրների փոխանցմամբ, Աբրահամյանի տանը հայտնաբերված զենքը որեւէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ։ Նշենք, որ գործով փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն Աբրահամյանների արսենալում մեծամասամբ ավտոմատներ են եղել, իսկ մարտյան իրադարձություններին հիմնականում «Մակարով» տեսակի զենքեր են կիրառվել։ Հիշեցնենք, որ ՀՔԾ վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաեւ Հենրիկ Աբրահամյանը, ում պատկանող տարածքում հայտնաբերվել են ռազմամթերք եւ հրազեն»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հարկային մուտքերի մասով թեեւ պլանային ցուցանիշները վերջին ամիսներին ապահովվել են, սակայն մասնավորապես օգոստոսին դա հեշտ չի եղել։ Ավելի ճիշտ, դատելով գործարար շրջանակներից ստացված տեղեկություններից, դա հաջողվել է նախկին աշխատաոճին անցնելու գնով՝ կանխավճարների ինստիտուտը վերականգնելով։ Օգոստոսի վերջին օրերին գրեթե բոլոր հարկային տեսուչները զբաղված են եղել գործարարներին զանգահարելով եւ խնդրելով կանխավճար կատարել, որ պլանը կատարվի։ Եթե սրան գումարենք նաեւ այն, որ կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահին «խոսքից զրկելու» վարչապետի քայլը մեծ աղմուկ հանեց, ապա կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ում իրավիճակն այնքան էլ պարզ չէ»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Արցախում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ է հասունացել: Սակայն չնայած դրան` Բակո Սահակյանն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունի, այլ ցանկանում է շարունակել պաշտոնավարումը մինչեւ 2020 թվական, երբ տեղի կունենան նախագահի ընտրություններ: Նա հայտարարել է, թե այդ ժամանակ չի առաջադրի իր թեկնածությունը: Արցախի խորհրդարանի պատգամավոր Հայկ Խանումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է, թե Արցախում իսկապես առկա է Բակո Սահակյանի հրաժարականի քաղաքական եւ հասարակական պահանջ: «Քաղաքական ուժերի մեջ էլ կան նման կարծիքներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ Արցախում միշտ էլ եղել է, պարզապես Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն էլ ավելի են ոգեշնչել: Իսկ ահա Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ մեզ հետ զրույցում պնդել է՝ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ ոչ մի կողմից չի տեսնում, ընդամենը 1-2 հոգի է այդ թեման շահարկում»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախագահ Բակո Սահակյանի կողմից Արցախի անկախության 27-րդ տարվա միջոցառումներին մասնակցելու հրավեր է փոխանցվել ՀՀ բոլոր վարչապետներին, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, սակայն նա չի մեկնել Արցախ։ Բայց նաեւ չի հեռացել Հայաստանից, չնայած նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը սեպտեմբերի 1-ի իր հարցազրույցում ասել էր, թե Քոչարյանը մի քանի օրով կբացակայի Հայաստանից եւ դրա իրավունքն ունի, սակայն պարզվեց, որ քննիչը նրա անձնագիրը վերցրել է եւ չի վերադարձնում, ինչը խանգարում է նրա մեկնումին։ Ի դեպ, վաղուց ի վեր նման պրակտիկա կա Հայաստանում՝ մեղադրանք առաջադրելիս քննիչները վերցնում են մեղադրյալի անձնագիրը, եւ նրանք այլեւս երկրից բացակայել չեն կարողանում, չնայած հնարավոր է նաեւ բնակավայրից չբացակայելու ստորագրություն խափանման միջոցն ընտրված չլինի։ Հատուկ քննչական ծառայությունից հրաժարվում են սրա վերաբերյալ մեկնաբանություններ տալ, միայն ասացին․ «Այս պահին Ռ․ Քոչարյանը Հայաստանում է, ոչ մի տեղ չի հեռացել»։ Մի տեղեկություն եւս ՝ կապված Քոչարյանի գործի հետ։ Գրեթե հաստատ է, որ վճռաբեկ դատարանը կդիմի Սահմանադրական դատարանին՝ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակներում անձեռնմխելիության հարցը որոշելու համար։ Մենք տեղեկացանք, որ ՍԴ-ում էլ են որոշում կայացրել՝ որոշել են դիմել Վենետիկի հանձնաժողովին, որ վերջինս անձեռնմխելիության հետ կապված եզրակացություն տա։
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրությունները պետք է անցկացնել առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի։ «Ժամանակ»-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրեց, որ իրենք սկսել են Մուկուչյանի հրաժարականի պահանջով գործողություններ իրականացնել։ «Էն, որ Սերժիկն ինչքան ուզում՝ խփում էր, Մուկուչյանն էլ հաստատում էր թվերով, իր հրաժարականն ենք պահանջում։ Մուկուչյանին պետք է ուղարկենք աղբամանն ու կամաց-կամաց մաքրենք մեր երկիրը կեղտերից»,- հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ ուրբաթ Մուկուչյանի հրաժարականի պահանջով հավաքվելու են ԿԸՀ շենքի մոտ, իսկ մինչ այդ հանդիպումներ են ունենալու տարբեր մարդկանց հետ՝ հստակեցնելու իրենց պահանջին հասնելու հետագա քայլերը»։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը երկու բնակարան ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից: Բնակարաններից բացի Անափիոսյանը հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ և 25 հազար ամերիկյան դոլար դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 246 հազար դրամ և ստացվել 6 տարբեր աշխատավարձերի հանրագումարից: Համաձայն պաշտոնական կենսագրության, Անափիոսյանը քաղաքագիտության մագիստրոս է, 2014 թ.–ից զբաղեցնում էր Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը»: