Ադրբեջանի դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Զայբերթ
Գերմանիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի երկրի տարածք մուտք գործելն արգելելու որոշման առնչությամբ: Պատգամավորը պետք է ուղեկցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հարավային Կովկասի երկրներ այցելության ժամանակ: Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը:
«Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը»,- նշել է նա:
Զայբերթի խոսքով, իրողություններից ելնելով պատգամավորը հրաժարվել է Ադրբեջան այցելությունից, նա Մերկելի հետ կայցելի միայն Վրաստան և Հայաստան.
«Երեկ կանցլերը զրուցել է պատգամավորի հետ, նա շատ է գնահատում վերջինիս աշխատանքը տարածաշրջանում»,- հավելել է նա, փոխանցում է Sputnik-ը:
Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Բաքուն Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է իր հայտնի «սև ցուցակ»՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների համար: Վայլերը հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ: Արցախում նա եղել է երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին: