VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ եւ 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի: Հիմա ԱԺ 105 պատգամավորներից 50-ը դեռ ՀՀԿ խմբակցության անդամ են, բացի այդ, 8 պատգամավոր ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց դժվար է միանշանակ նրանց համարել Փաշինյանի թիմի անդամ: Այնպես որ Նիկոլ Փաշինյանին փորձություններ են սպասվում, որպեսզի իր կողմը գրավի բավարար թվով օրենսդիրների»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ ՀՀ Կենտրոնական բանկից՝ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի ստորագրությամբ, ուշագրավ գրություն է ուղարկվել «ՀՀ տարածքում գործող գրավատներին»՝ լոմբարդներին։ Առաջարկվել է «իրավապահ մարմիններին տրամադրելու նպատակով» 2-օրյա ժամկետում տրամադրել Միքայել Հարությունի Հարությունյանի, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և Յուրի Գրիգորի Խաչատուրովի կողմից կատարված «ցանկացած բնույթի գործարքի վերաբերյալ» տեղեկություններ։ Բնականաբար, նման գրություն են ուղարկվել նաև մասնավոր բանկերին, վարկային և այլ կազմակերպությունների։ Թեև տարօրինակ է, որ քննչական մարմինները կարծում են, որ այս անձինք լոմբարդում ոսկի կամ այլ թանկարժեք իրեր գրավադրած կլինեին, ինչը սովորաբար անում են հասարակության աղքատ խավերը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին: Մեզ պատմեցին, որ դեռևս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել: Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ հորդորներին, փոխարենը նոր կառավարությունից երաշխիքներ է պահանջել՝ իր չեզոքության դիմաց համարժեք վերաբերմունքի: Ի դեպ, Քոչարյանի որդիներն էլ, ըստ տեղեկությունների, բիզնես փաստաթղթերն են մաքրում հոր՝ քաղաքականություն մտնելուն ընդառաջ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող՝ Էջմիածնում գործող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանից, որտեղ նաեւ քոլեջ է գործում, նոր ուսումնական տարվան ընդառաջ զանգվածային «արտագաղթ» է սկսվել: Էջմիածնի բնակիչներից տեղեկացանք, որ մարդիկ գեներալի հետ կատարվածից հետո որոշել են նրան պատկանող կրթահամալիրից, հատկապես քոլեջից, հանել նաեւ իրենց երեխաներին, մինչդեռ, որոշ տեղեկություններով, ժամանակին այդ քոլեջում ուսանելն ապահովության որոշակի երաշխիք է եղել շատերի համար: Ի դեպ, մեզ հաղորդեցին, որ գեներալի նախկին հիվանդությունն է գլուխ բարձրացրել՝ քաղցկեղը, եւ շաքարի բաղադրությունն է արյան մեջ բարձր՝ 24 միավոր»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայրաքաղաք Երեւանն իր 2800-ամյակը կդիմավորի առանց քաղաքապետի: Ինչպես հայտնի է` ԿԸՀ-ն Երեւանի ավագանու ընտրությունների օրը նշանակել է սեպտեմբերի 23-ին: Այդ օրը պարզ կդառնա ապագա ավագանու կազմը, ըստ այդմ՝ նաեւ ապագա քաղաքապետի անունը: Սակայն չնայած այդ հանգամանքին, ավագանին միանգամից չի ընտրելու քաղաքապետին. «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս տեղեկացրել է, որ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն` «Արտահերթ ընտրությունից հետո նորընտիր ավագանու նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 10-րդ օրը»: Այդ նիստում էլ ընտրվելու է քաղաքապետը: Ակնհայտ է, որ ԿԸՀ-ն ավագանու ընտրության արդյունքները պաշտոնապես կհրապարակի ընտրություններից մի քանի օր անց, եթե մինչ այդ նաեւ մասնակից ուժերից չբողոքարկեն արդյունքները: Ցանկացած դեպքում օրենքով սահմանված 10-րդ օրը չի լինի սեպտեմբերի 29-30-ին, այսինքն՝ այն օրերին, երբ մայրաքաղաքը նշում է հիմնադրման օրը»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Շաբաթ օրը սովետական շրջանի հայտնի կոմունիստական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի ծննդյան 100-ամյակն էին նշում։ Նա սովետական դարաշրջանի ամենահետաքրքիր գործիչներից էր, որի մասին բազում ուշագրավ հուշեր են պատմում նրա ժամանակակիցները։ Նա մահացել է 2007 թվականին՝ 88 տարեկան հասակում, եւ թաղված է Երեւանի կենտրոնական գերեզմանատանը։ Շաբաթ օրը մերձավորները նախ այցելել են նրա գերեզմանին, ապա երեկոյան սեղանի շուրջ հիշել նրան։ Հավաքին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը՝ իր թիկնազորի պետ Վաչոյի ուղեկցությամբ։ Նախկինում էլ, համենայնդեպս 5 տարի առաջ, նա մասնակցել է Ալեքսեյ Մատվեյիչի հիշատակի արարողությանը։ 100-ամյակի կապակցությամբ ընտանիքը նաեւ Կիրակոսյանի հուշերի գիրքն է վերահրատարակում, որը տպագրվել է 2002 թվականին՝ Կարինե Խոդիկյանի խմբագրմամբ»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Երկիրը վերածվել է հեղափոխականների ու հակահեղափոխականների: Տխուր է, չափազանց տխուր է, բայց փաստ: Բոլոր նրանք, ովքեր գովում, փառաբանում, խնկարկում են նոր իշխանություններին, նրանք «պուպուշ» են, ավելին՝ լիակատար անսխալական են: Բայց եթե որևէ մեկը հանկարծ ու համարձակվի մի թեթև, մի աննշան քննադատել որևէ իշխանավորի, առավել ևս՝ վարչապետին, անպայման, անկասկած, անտարակույս «քըխ» է, հակահեղափոխական է, հակապետական է: Իսկ ի՞նչ են անում նմանների հետ. ճիշտ է՝ ենթարկում են տոտալ հարձակման, վարկաբեկման, ոչնչացման: Դա քիչ է, կախել է պետք նմաններին, Հրապարակում, հերթական հանրահավաքի ժամանակ: Թե չէ միայն բառերով արդյունքի հնարավոր չէ հասնել, որքան էլ այդ բառերը մաղձով ու հայհոյանքով լեցուն լինեն: Առավել ևս, որ սպառնալիքների պակաս չկա:
Իսկ եթե լուրջ, ապա իրապես մտահոգիչ է հասարակության նման բաժանումը՝ հեղափոխականներ ու հակահեղափոխականներ (որ նույնն է, թե հակապետականներ. դե, «պետությունը ես եմ» գործելաոճը դարերի ընթացքում ընդամենը տրանսֆորմացվել է ըստ անձերի): Ամենևին պարտադիր չէ, որ կառավարության գործունեությունը քննադատողները անպայման հհկական կամ քոչարյանական «թելը թելեն», անպայման Նիկոլի թշնամի լինեն, հակահեղափոխական լինեն: Ավելին, նրանց մեջ գուցե քիչ չեն նրանք, ովքեր նախկին իշխանություններին էլ անողոք քննադատել են: Եվ դեռ հարց է՝ ով է ավելի հայրենասեր. նա, ով հավատն ու վստահությունը կուրորեն պաշտամունքի է հասցրե՞լ, ով միայն վարդագույն ակնոցներո՞վ է շրջում, թե՞ նա, ով ցավում է երկրի ու պետության համար, ով տեսնում է բացթողումներն ու բարձրաձայնում դրանց մասին՝ շտկելու, օգնելու միտումով: Առաջիններն, ի դեպ, կործանեցին Սերժ Սարգսյանի իշխանությունը, որովհետև ՀՀԿ–ականներն ուղղակի հայտնվել էին այլ իրականության մեջ՝ երկրի ու ժողովրդի հետ որևէ կապ չունեցող: Հիմա կարող ենք զուգահեռ իրականության մեջ գցել նաև Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը, քանզի երբ հաճախ ես ասում՝ ամեն ինչ լավ է, սկսում ես հավատալ դրան, չես տեսնում առկա խնդիրները, առաջ է գալիս մեծամտության լուրջ պաշար: Սա վտանգավոր է: Առավել վտանգավոր է, երբ նախկինների հետ կապ չունեցող արժանապատիվ, անկեղծ, խելացի մարդիկ քիչ–քիչ սկսում են ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել: Այնինչ նրանց լսել է պետք, այլ ոչ վանել: Վանողներն ավելի շատ չեն սիրում մեր երկիրը...