Դատախազությունը օգոստոսի 20-ին Քոչարյանին կալանքից ազատելու որոշման դեմ բողոք կներկայացնի
ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Օգոստոսի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը, հայտնում է «Արմենպրես»-ը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դառնան:
Նշենք, որ մարտի 1-ի գործով մեղադրյալներ են ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։ Նրանք բոլորն էլ մեղադրվում են 2008-ին մի քանի անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ օգոստոսի 14-ին որոշեց բավարարել ՀՀ 2-րդ նախագահի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։