ԱԱԾ տնօրենն ընդունել է ՌԴ անվտանգության ԴԾ Սահմանապահ ծառայության փոխտնօրենին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից հայտնում են, որ հանդիպման սկզբում Իգոր Կոնստանտինովը ՀՀ ԱԱԾ տնօրենին ներկայացրել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:
Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնել, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը:
Ռուսական կողմը ևս պատրաստակամություն է հայտնել նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ է եղել ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: