25.11.2024
Ղարիբաշվիլի. Վրաստանը ցանկանում է լոգիստիկ կենտրոն դառնալ
prev Նախորդ նորություն

Շարմազանով. ՌԴ-ի տրամադրված 200 միլիոն դոլարով Հայաստանը գերժամանակակից զենքեր կգնի

Ռուսաստանի կողմից հատկացված 200 մլն դոլարի արտոնյալ վարկային միջոցները Հայաստանը ծախսելու է գերժամանակակից զենք գնելու նպատակով: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը, նա ընդգծեց, որ երկու դաշնակից երկրների ղեկավարների արդյունավետ հանդիպում էր: Շարմազանովը հիշեցրեց, որ հանդիպման ընթացքում հարցերի լայն շրջանակ է քննարկվել՝ անվտանգությունից մինչեւ մարդասիրական խնդիրներ: «Հայաստանը պետք է շարունակի Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը: Մենք շարունակում ենք ամրապնդել մեր անվտանգության համակարգը, այդ հարցում զգալի է նաեւ Ռուսաստանի դերը»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը, հայտնում է news.am-ը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, Էդուարդ Շարմազանովն ընդգծեց. «Նախագահների հանդիպման ընթացքում ռուսական կողմը կրկին հաստատեց, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով»: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ավարտեց Մոսկվա կատարած աշխատանքային այցը, որտեղ հանդիպեց Ռուսաստանի իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: