Հայաստանի ԱԳՆ-ի՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի կտրուկ հայտարարության պատասխանը երկու համատեքստ ունի: Խուսափել ՌԴ-ի հետ հարաբերությունները տապալելու սցենարից եւ երկրի ներսում քաղաքական հետապնդումները դիտարկել բացառապես ներքին գործ:
Այս մասին VERELQ-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով, ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությաւն երկու կոնտեքստն էլ հասկանալի էին։ «Մի կողմից՝ կտրուկ գնահատականների Սցիլլայից («Սցիլլա և Խարիբդա» ՝ այլաբանական մեջբերում Հոմերոսի «Ոդիսականից» - խմբ) խուսափելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես չտապալելու ողջամիտ ցանկությունը։ Սա, հուսամ, կստացվի», - հույս հայտնեց նա։
ՀՀ իշխանությունները մյուս ցանկությունը սակայն, նրա խոսքով չստացվեց: «Մյուս կողմից՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի սկանդալային հետապնդումը և երկրի ներքին քաղաքական տեռորը բացառապես ներքին գործ դիտարկելու Խարիբդան։ Այ սա չստացվեց», - ասաց նա՝հավելելով, որ պատճառները շատ են։
Աշոտյանն ակնարկում է, որ Ռուսաստանին ՀՀ-ի ներքին գործերին միջամտելուը ռուռն իրականում Նիկոլ Փաշինյանն է բացել, երբ իշխանափոխության օրերի հանրահավաքներին ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի Facebook-յան ստատուսներն էր ցիտում: «Մասնավորապես՝ իշխանափոխության օրերի հանրահավաքներին Մարիա Զախարովա ինքնամոռաց ցիտելու, երբ դա ձեռնտու էր», - հավելեց նա։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, արձագանքելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կտրուկ հայտարարությանը, հայտնել էր, որ Հայաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդման գործընթացը փոխկապակցված չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հետ և չպետք է տարընթերցման առիթ հանդիսանան։
«Մենք հետեւում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ հանդիսացող իրավական պետության և արդարադատության անկախ համակարգի կայացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով», - ասված է Բալայանի պատասխանում։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ՀՀ-ում "Մարտի 1"-ի գործի շրջանակում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր հարուցելու եւ կալանավորելու փաստին, հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված այն պնդումներին, որ «թավշյա հեղափոխությունից» հետո նախկին իշխանությունների հանդեպ հետապնդումներ չեն լինելու։
«Մարտի 1»-ի գործի շրջանակներում քրեական հետապնդման ենթարկվող պաշտոնյաների թվում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ներկայումս ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, որն այն ժամանակ ՊՆ-ի Երեւանի կայազորի հրամանատարն էր: Նրանք մեղադրվում են մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու համար:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է երկու ամսով:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի և ՀԱՊԿ ներկայիս գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: