25.11.2024
«Քեթրին Գրուպ»-ի երեք ընկերություններում հարկային համալիր վերստուգումներ են նշանակվել
prev Նախորդ նորություն

Վաչագան Ղազարյանը վճարել է 1 միլիարդ դրամ գրավը․ նա ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը հաստատել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:


ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը կայացվել է հուլիսի 20-ին, բայց գրավը վճարվել է այսօր:


Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:


ԱԱԾ մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկած օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում հունիսի 25-ին՝ Երեւան քաղաքի Չարենցի փողոցի 12 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մուտքի մոտից, ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է` ապօրինի հարստանալը, ՀՀ ԱԱԾ-ը վարչական շենք բերման էր ենթարկել ԱԱԾ կադրային ռեզերվում գտնվող գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանին:


Վերջինս բերման ենթարկելուց հետո՝ անձնական խուզարկության ընթացքում, ներկայացրել է «Յունիբանկ» ՓԲԸ-ից դուրս գալու պահին՝ ձեռքին առկա պայուսակի պարունակությունը, որում եղել է 120 հազար ԱՄՆ դոլարը, ինչպես նաեւ 436 միլիոն ՀՀ դրամ՝ Վաչագան Ղազարյանի անվամբ գրանցված ավանդային հաշվեհամարից:


Ըստ Վաչագան Ղազարյանի՝ կանխիկացման նպատակը եղել է գումարն իրական տիրոջը վերադարձնելը, իսկ թե ով էր գումարի իրական սեփականատերը՝ Ղազարյանը չի ցանկացել հայտնել:


Վաչագան Ղազարյանն անձնական խուզարկության ընթացքում ներկայացրել է առօրյա ծախսերի համար գրպանում առկա 500 ԱՄՆ դոլարն ու 213 հազար դրամը, իսկ նրան բանկ ուղեկցած «Լեքսուս» մակնիշի մեքենայից հայտնաբերվել է 50 հազար ԱՄՆ դոլար:


«Ազգային անվտանգության ծառայությունը տիրապետում է օպերատիվ տեղեկատվության, ըստ որի, Ղազարյանին բերման չենթարկելու դեպքում, վերջինս պատրաստվում էր կանխիկացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում իր հաշվին առկա 860 միլիոն դրամն ու կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի անձնական հաշվեհամարին առկա 690 միլիոն դրամը: Ընդհանուր հաշվով 1,5 միլիարդ դրամ:


Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Ղազարյանը, վերոնշյալ գումարը կանխիկ ստանալու համար «Արդշինբանկ» ՓԲԸ-ին մատուցած ծառայությունների դիմաց պատրաստվել է վճարել 17 միլիոն ՀՀ դրամ:


Վաչագան Ղազարյանը խուզարկության ընթացքում հայտնել է, թե «Յունիբանկ» եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ների իր հաշիվներում առկա գումարը մոռացել է ներկայացնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին տրամադրած հայտարարագրում»,- մասնավորապես, նշված էր ԱԱԾ հաղորդագրությունում: