25.11.2024
Գեւորգ Աճեմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. խոստանում է աջակցել իշխանություններին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Մոսկվան Արարատ Միրզոյանին չի ուզում, պահանջել է միայն Նիկոլ Փաշինյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին։ Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացման, էներգետիկայի եւ տրանսպորտի, մաքսային հարցեր։ Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ի դեպ, ժամանակին թիվ մեկ բորտով թռավ Դուշանբե՝ նույնանման նիստին մասնակցելու, վերադառնալիս էլ օդանավում աշխարհին տեղեկացրեց, որ այսուհետ ինքն է մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների միջկառավարական նիստերին, քանի որ մեր նոր Սահմանադրութամբ ինքն է վարչապետի համարժեքը, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների նիստերին՝ որպես երկրի ղեկավար։ Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը չի ցանկացել, որ պարոն Արարատը մասնակցի այդ նիստին, պահանջել է, որ Փաշինյանը ներկա լինի»։


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ում հարցաքննության կանչված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն արդեն մի քանի տարի է՝ վաճառել է Ազատության պողոտայի «գեներալների շենքի» իր բնակարանն ու տեղափոխվել Ջրվեժի իր շքեղ առանձնատուն: Չնայած սրան՝ ՀՀ ընտրողների ռեգիստրում նշված է, որ Խաչատուրովը հաշվառված է Ազատության պողոտա 9/3 հասցեում: Ջրվեժ թաղամասի երկհարկանի շքեղ առաձնատունը երկար տարիներ է՝ պատկանում է Խաչատուրովներին, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, նրանք այստեղ են տեղափոխվել վերջին տարիներին: Յուրի Խաչատուրովի ներկայացրած վերջին հայտարարագրերից որեւէ մեկում նշված չէ, որ նա ունի անշարժ կամ շարժական գույք: Դրանց մասին տվյալ չկա նաեւ Խաչատուրովի կնոջ՝ Սվետլանա Խաչատուրովայի հայտարարագրում: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ այս առանձնատունը Խաչատուրովներին պատկանող միակը չէ: Սա նշանակում է, որ եթե Խաչատուրովներն ունեն առանձնատուն եւ այլ անշարժ գույք, ապա այդ գույքը ձեւակերպած չէ վերջիններիս անուններով: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երեւանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ն հայտնել էր զինակոչիկներին ժամկետային զինծառայությունից ազատելու նպատակով ձեւավորված կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին: Արդյունքում, հիշեցնենք, ձերբակալվել էր Մարտունու զինկոմ Գարիկ Առաքելյանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ամենից բացի` իրավապահ համակարգում սկսել են վերհանել նաեւ նման հին գործեր եւս: Ու դեռեւս 2017թ. հարուցված, բայց հետո կասեցված մի քրեական գործով շոշափվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի հայտնի պետ, այս օրերին ապօրինի հարստացման մեղադրանքով կալանավորված Վաչագան Ղազարյանի անունը: Քաղաքացի Սարգիս Գաբրիելյանը հաղորդում է տվել հանցագործության մասին` հայտնելով, որ ծանոթներից Գեղամ Պետրոսյանն իր երկու որդիներին` Արթուր Պետրոսյանին եւ Պետրոս Պետրոսյանին, քառօրյա պատերազմից առաջ 5 հազար դոլարի դիմաց ազատել է ծառայությունից: Երբ հերթը հասել է բժիշկներից մեկի օգնությամբ համապատասխան փաստաթղթերը ստուգելուն, ըստ օդում կախված լուրերի, խառնվել է Ղազարյանը, ու գործը սառեցվել է»:


«Ժողովուրդ» օրաթերը գրում է. «Ինչպես հիշում եք` նախորդ ամիս ՊԵԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ` տեղեկացնելով, որ ՊՆ-ում գնումների եւ բանակաշինության ոլորտում չարաշահումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, եւ այդ գործով որպես վկա հարցաքննության են հրավիրել նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բացահայտված չարաշահումները վերաբերում էին 2014-2017 թվականներին: Օհանյանը Պնախարարի պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 2016թ. հոկտեմբերը, իսկ դրանից հետո` մինչեւ 2018թ. մայիսը, նախարարը ՀՀԿ ԳՄ անդամ Վիգեն Սարգսյանն էր: Ու չնայած գործն առնչվում է նաեւ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետին, սակայն ՊԵԿ-ում նրան հարցաքննության չեն հրավիրել: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Քննություն է ընթանում, չեմ կարող բացահայտել: Իսկ Ձեր մատնանշած անձի վերաբերյալ եթե չունեք տեղեկատվություն, ինչու պետք է կանչենք հարցաքննության: Չունենք որեւէ տվյալ: Ընդհանուր առմամբ, նույնիսկ մենք մեր նկատմամբ պետք է լինենք խիստ»: Այնուամենայնիվ, զարմանալի է՝ ինչպե՞ս կարող է Վ. Սարգսյանի հետ կապված տեղեկատվություն չլինի, եթե նա մաս է կազմել կոռումպացված ռեժիմի. իրո՞ք չարաշահումներին չի առնչվել, որ անգամ վկայի կարգավիճակով չեն հարցաքննել, թե, այնուամենայնիվ, աշխատել է շագանակները կրակից ուրիշի ձեռքով հանելու մեթոդով: Ինչ վերաբերում է Սեյրան Օհանյանին, այդպես էլ պարզ չդարձավ՝ ի՞նչ առնչություն ուներ կատարվածին, որ հրավիրվեց հարցաքննության, եւ հիմա անձամբ նրա դեմ կա՞ն փաստեր, թե ինքն էլ տեղյակ չէր կատարվածից:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ելք» դաշինքում բուռն քննարկումներ են գնում առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված։ Դաշինքով գնալուն գրեթե բոլորը կողմ են, բայց վեճ կա համամասնությունների հետ կապված։ Արդեն գրել ենք, որ Փաշինյանի «Քաղպայմանագիրը» հավակնում է մոտ 70 տոկոս ունենալ ցուցակում, որից 20-ը կլինեն քաղակտիվիստները, իսկ «Հանրապետությունը» եւ «Լուսավոր Հայաստանը» միասին կարող են հավակնել 30 տոկոսին։ Ընդ որում, Արամ Սարգսյանի համար սկզբունքային հարց է, որ իր անունը լինի առաջին եռյակում։ Մենք «ՔՊ» անդամ, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ առաջին եռյակում ո՞ւմ անուններն են գրվելու, ճի՞շտ է, որ Արամ Սարգսյանը պնդում է, որ լինի։ «Դե, ո՞վ չի ուզենա իրեն տեսնի առաջին եռյակում, ես էլ կուզենամ, բայց ցանկություններով չէ մենակ, այդ ամենը պետք է նպաստի հաջողությանը։ Այսինքն՝ եթե դա տվյալ քաղաքական ուժի շահերից է բխում եւ ոչ թե անձնական ամբիցիաներից, ապա թող լինի»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։ Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու եւ լուծելու են մարդկանց խնդիրները։ Տեղի է ունեցել նաեւ կառույցի ղեկավարի ընտրություն, որը, մեր տեղեկություններով, պետք է կայանար ապրիլ-մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր։ Կանանց մարզային խորհրդի նախագահի պաշտոնում է վերընտրվել ԲՀԿ-ի հնաբնակներից Աննա Գալստյանը»։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` արտերկրի մեր համերկրացիները թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել են թայմ աութում: Հատկապես ծանր է նրանց վիճակը, ովքեր երկիրը լքել են քաղաքական հալածանքների պատճառաբանությամբ: Դիվանագիտական կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` եվրոպական երկրների և ԱՄՆ իշխանությունները, որտեղ ապաստանել են ՀՀ քաղաքացիները, վերջիններիս ներքին կարգով հրահանգում են վերադառնալ հայրենիք` հասկացնելով, որ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, և այլևս չկա այն իշխանությունը, որին իրենք ընդդիմացել են: Մեր տեղեկություններով` այդ հանգամանքը խուճապի է մատնել հսկայական ծախսեր կատարած, տունուտեղ վաճառած ու փաստաբաններին բավական մեծ գումարներ վճարած մարդկանց: Նրանք ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին»: