25.11.2024
prev Նախորդ նորություն

Փորձագետ.Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուրջ սպառնալիք է Հարավային Կովկասի անվտանգությանը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է Եվրոպայում պատերազմի եւ Հարավային Կովկասում անվտանգության ամենալուրջ սպառնալիքը։ Այս մասին հայտարարե է, FRIDE եվրոպական վերլուծական կենտրոնի Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի ղեկավար, իսպանացի փորձագետ Յոս Բունստրան՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմանն ու ադրբեջանական կողմից հայկական գյուղերի խաղաղ բնակչության գնդակոծման դեպքերին։

Նա հիշեցրեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը մի քանի անգամ սրվել է, հատկապես ամռանը։ Հրաձգությունն ու բռնությունը միշտ ունեն պատերազմի վերածվելու հնարավորություն։ «Վերջին մի քանի տարիների ընթացքում որեւէ նոր նախաձեռնությունների առաջարկ չի արվել՝ Հայաստանին եւ Ադրբեջանին բանակցությունների սեղանին շուրջ նստեցնելու եւ հակամարտության լուծման համար միջազգային ջանքեր գործադրելու ուղղությամբ։ Միաժամանակ գլխավոր բանակցային ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբը, նոր խթան չի տվել»,- նշեց Բունստրան։

Նա նաեւ հավելեց, որ լրացուցիչ եւ նոր ջանքեր են անհրաժեշտ անգամ այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ անդամները (Ֆրանսիա, ԱՄՆ եւ Ռուսաստան) Ուկրաինայի պատճառով տարաձայնություններ ունեն, փոխանցում է News.am-ը:

Հիշեցնենք, որ վերջին մի քանի օրերին ադրբեջանական զինուժը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի մոտ 20 հայկական գյուղերը։ Գնդակոծումից վիրավորվել են Տավուշի 2 խաղաղ բնակիչ։ Բացի այդ, սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման պատճառով վիրավորվել են 2 հայ զինծառայող՝ 19-ամյա Վլադիմիր Գեւորգյանն եւ 22-ամյա Գոռ Գեւորգյանը։ Իսկ նախօրէին մարտական դիրքում զոհվել է պայմանագրային զինծառայող: