26.11.2024
Հաջիև. ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն գործող ձևաչափով
prev Նախորդ նորություն

Ալիեւը չի մասնակցի իր «եղբոր»՝ Էրդողանի երդմնակալությանը․ պատճառները հայտնի չեն

Այսօր հուլիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կուղևորվի նախագահական պալատ։


Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, թուրքական ԶԼՄ-ներն ու պաշտոնական աղբյուրներն հայտնում են, որ արարողության մասնակցելու է 22 պետության ղեկավար, իսկ 28 երկիր ներկայացված է լինելու վարչապետի ու խորհրդարանի նախագահի մակարդակով։


Ուշագրավ է, որ Թուրքիայի եղբայրական պետության նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը: Արարողությանը Ադրբեջանը ներկայացված կլինի վարչապետի մակարդակով: Ադրբեջանական մամուլի տեղեկացմամբ վարչապետ Նովրուզ Մամեդովի ղեկավարած պատվիրակությունն արդեն ժամանել է Անկարա: Իսկ նախագահ Ալիևը մնացել է Բաքվում և հանդիպում է անցկացրել շվեյցարացի գործարարների հետ` քննարկելով գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները։


Ադրբեջանի նախագահի` իր «եղբոր» Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը չմասնակցելու պատճառները հայտնի չեն:


Նշենք, որ վերոնշյալ արարողությանը կմասնակցեն Բուլղարիայի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Կոսովոյի, Կատարի, Պակիստանի, Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության, Ղրղզստանի, Սուդանի, Գվինեայի, Զամբիայի, Հասարակածային Գվինեայի, Գվինեա Բիսաուի, Սոմալիի, Մավրիտանիայի, Գաբոնի, Չադի, Ջիբութիի և Վենեսուելայի նախագահները։


Էրդողանը նախագահական պալատ մուտք կգործի հեծելազորի ուղեկցությամբ, այդ նույն ժամանակ 101 հրանոթային համազարկ կտրվի։


Էրդողանը նախագահ է ընտրվել՝ հաղթելով ս.թ. հունիսի 24-ին անցկացված ընտրություններում և ստանալով ընտրողների 52,6% ( 26 մլն 330 հազար 823 ) ձայները: