VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական «ոչ»-ի կողմնակիցներն ակտիվորեն աշխատում են կոնսոլիդացվելու ուղղությամբ, սակայն նախ սպասում են ֆինանսավորման բացմանը։ Իսկ ֆինանսավորման բացումը կազդարարվի միայն այն ժամանակ, երբ կհայտարարվի Օսկանյանի կողմից նոր կուսակցության ստեղծման մասին, որը պետք է փոխարինի ԲՀԿ-ին, ուստի կուսակցության անունը հնարավորինս պետք է մոտ լինի «Բարգավաճ Հայաստանին», և չի բացառվում, որ այն կոչվի «Բարգավաճ հայրենիք»։ Արդյունքում ՝ բոլորը պատրաստ սպասում են Քոչարյանի վերադարձին և թերևս նրա այդքան քարոզվող հարցազրույցին, որով էլ կտրվի «ոչ»-ի քարոզչության մեկնարկը և «ոչ»-ի քարոզչության համար անհրաժեշտ ֆինանսավորման սկիզբը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուղիղ երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 3-ին,
Սերժ Սարգսյանը մեկնեց Մոսկվա եւ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հետո հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է Եվրասիական տնտեսական միությանը: Մինչ այդ ՀՀ ղեկավարությունը բացառում էր ԵՏՄ-ին միանալու հնարավորությունը՝ մատնանշելով, որ այդ քայլը Հայաստանին ձեռնտու չէ: Սերժ Սարգսյանի՝ մոսկովյան «կապիտուլացիայից» հետո իշխանական քարոզիչները սկսեցին գովերգել ԵՏՄ-ն՝ Հայաստանի համար «ոսկե սարեր» խոստանալով: ՀՀ ողջ ղեկավար կազմը պնդում էր, որ ԵՏՄ մտնելու արդյունքում մեր տնտեսությունը կշահի, քանի որ անարգել հնարավորություն կունենա ապրանքներ արտահանել Ռուսաստան, Բելառուս եւ Ղազախստան: Սակայն ժամանակն անցավ, եւ պարզ դարձավ, որ ԵՏՄ անդամակցությունը Հայաստանին ոչ մի օգուտ չբերեց, իսկ այդ քայլի վնասները նույնիսկ հաշվել հնարավոր չէ:
Այսօր արդեն՝ պաշտոնապես ԵՏՄ անդամ դառնալուց ութ ամիս անց, Հայաստանի տնտեսությունն ուղղակի շնչահեղձ է լինում: Իսկ ողբերգությունն այն է, որ իրավիճակից դուրս գալու ուղիներն առանձնապես չեն նշմարվում: ՀՀ իշխանություններն էլ շարունակում են հասարակությանն ընդամենը սին խոստումներով կերակրել, որի արդյունքում արտագաղթը ոչ միայն չի կանգնում, այլ գնալով ավելի մեծ թափ է հավաքում: Այս օրը առանցքային է նաեւ այն իմաստով, որ Սերժ Սարգսյանը գիշերով միանձնյա որոշում կայացրեց ու այդ որոշումը փաթաթեց ողջ հասարակության գլխին, եւ եթե այս տրամաբանությամբ շարունակվի ամեն ինչ, նա իր կամքը կթելադրի նաեւ սահմանադրական փոփոխությունների տեսքով՝ անցկացնել տալով նաեւ տխրահռչակ այդ նախագիծը»:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այն, ինչ առաջիկա աշնանը իսկապես կարող է լրջագույն պրոբլեմ դառնալ
Սերժ Սարգսյանի համար Բադրամյան պողոտայի սցենարն է։ Նկատի ունենք եթե մի 15-20 հազար երիտասարդ կանգնեն Բադրամյան պողոտայում և ասեն՝ մենք այստեղից չենք գնա, քանի դեռ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը վերջնականապես չեղյալ չարվի… Հա, նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղյալ արեք։ Մեկ տարի առաջ նման սցենար նույնիսկ չարժեր քննարկել, որովհետև դա անհնար ու անհավանական կթվար։ Բայց հիմա, հունիսի հայտնի իրադարձություններից հետո ոչ ոք նման սցենարը անհավանական համարել չի կարող, այն, ինչ մի անգամ եղել է, կարող է նորից տեղի ունենալ։ Բաղրամյան պողոտայի ամառային իրադարձությունների նախորդ օրերին ոչ մի բան չէր խոստանում, որ առաջիկայում նման դեպքեր են տեղի ունենալու։
Այն ժամանակ էլ երիտասարդների մի քանի խմբեր որոշակի ակտիվություն էին ցուցաբերում Երևանում, ու այդ ակտիվությունը ոչ մի լուրջ տպավորություն չէր թողնում և ավելի շատ նման էր երիտասարդական զբաղմունքի։ Բայց մի ինչ-որ պահի բոլորի համար անհասկանալի կերպով ամեն ինչ վերաճեց մի իրադարձության, որը ողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրությունը կենտրոնացրեց Հայաստանի վրա։ Եվ ուրեմն Սերժ Սարգսյանի համար հիմա ամենամեծ հոգսը դա է՝ թույլ չտալ Բաղրամյան պողոտայի դեպքերի կրկնությունը, և հաստատապես դա Հայաստանի «համապատասխան մարմինների» ուշադրության կենտրոնում է։ Մյուս կողմից Բաղրամյան պողոտայում ամռանը տեղի ունեցած իրադարձությունների առանձնահատկությունն այն է, որ իրավապահ մարմինները կարող են անզոր գտնվել այդ պրոցեսները կառավարելու, կանխելու, կասեցնելու հարցում, և սրա մեջ է ամենամեծ վտանգը իշխանությունների համար»:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունում օր օրի իրավիճակը լարվում է, քանի որ այստեղ ձեւավորված «քոչարյանական» թեւն աշխատում է առանձին: Փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե ինքը «հեռանում» է մեծ քաղաքականությունից, խմբակցության անդամներ
Ստեփան Մարգարյանը,
Էլինար Վարդանյանն ու
Վահե Հովհաննիսյանը «բաժանվել» են խմբակցությունից ու որեւէ գործունեության «չեն խառնվում»: Այդ ամենն ավելի ակնհայտ դարձավ, երբ նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն իր սիրելի կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե ինքն ու Ստեփան Մարգարյանը չեն հանդիսանում ԲՀԿ անդամ, ուստի. «…չենք մասնակցում կուսակցության որոշումների ընդունմանը եւ կուսակցության քաղաքական գծի ընտրությանը»:
Վ. Հովհաննիսյանը նաեւ ընդգծեց, որ ինքը դեմ է սահմանադրական բարեփոխումներին: «Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության՝ վերը նշված անդամներն իսկապես չեն մասնակցում խմբակցության աշխատանքներին: Նրանք մշտապես խորհրդարանում միասին են, միմյանց սենյակներում են ու ինչ-որ որոշում կայացնելիս բացառապես միմյանցից են խորհուրդներ հարցնում: Ըստ մեր տեղեկությունների՝ Հովհաննիսայնը, Մարգարյանն ու Վարդանյանն ուղղորդվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «խորհուրդներով», որն այս ժամանակահատվածում թիմ է «հավաքագրում»` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: ԲՀԿ-ում քննարկվող գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչու են Ս. Մարգարյանն ու Է. Վարդանյանը, չխառնվելով խմբակցության աշխատանքներին, շարունակում զբաղեցնել ԲՀԿ քվոտայով ստացած ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնները:
Հիշեցնենք, որ Ստեփան Մարգարյանը ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլինար Վարդանյանն էլ ղեկավարում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: