ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երեւանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Վերջինիս սպանելու փորձի մեջ կասկածվում է Հայկ Սարգսյանը (Ալեքսանդր Սարգսյանի որդին-խմբ):
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ 2007 թվականի ապրիլի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:00-ին, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը:
Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա.Ղեւոնդյանը, ներկայացրել ատրճանակ եւ հայտնել, որ այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ եւ կատարվել նախաքննություն: Իսկ 2007 թվականի մայիսի 28-ին որոշում է կայացվել Ա.Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության եւ բողոքի բացակայության հիմքով:
Նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թվականի հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել՝ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին 2007 թվականին կայացված որոշումը վերացնելու վերաբերյալ, իսկ քրեական գործը, նախաքննություն կատարելու նպատակով, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կնետրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել եւ ձեռնարկել անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Արդյունքում՝ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Դ.Սիմոնյանին մարմնական վնասվածքը պատճառվել է ոչ թե Ա.Ղեւոնդյանի կողմից անզգուշությամբ, այլ՝ մեկ այլ անձի կողմից դիտավորյալ արձակված կրակոցի հետեւանքով։
Քննության տվյալներով՝ տուժողին սպանելու նպատակով նրա ուղղությամբ դիտավորյալ կրակոց է արձակել Երեւանի բնակիչ, 1984թ. ծնված Հայկ Սարգսյանը: Վերջինիս մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություն։
Հուլիսի 4-ին Հ.Սարգսյանին տրվել է դատավարական կարգավիճակ. նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, այն է՝ սպանության փորձ կատարելու մեջ։
Նախաքննությունը շարունակվում է։