ՀՀ-ն եւ ՌԴ-ի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է իրականացվում․ Պուտին
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բովանդակալից քաղաքական երկխոսություն է իրականացվում: Այս մասին Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված իր պաշտոնական ուղերձում (ընթերցել է ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին) նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինն իր ուղերձում խոսել է այն մասին, որ երկու երկրների միջեւ ակտիվորեն զարգանում է առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ հումանիտար համագործակցությունը: «Ձեր հանդիպումները բարի ավանդույթ են դարձել: Դրանցում մասնակցող կենտրոնական եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները, հասարակական գործիչները, գործարարները, փորձագետները փոխանակվում են փորձով, կառուցողական քննարկումներ են ծավալում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ: Ռուսաստանին եւ Հայաստանին բարեկամության եւ գործընկերության սերտ կապեր են կապում»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով, երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում, ըստ նրա, կարեւոր դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում: «Համոզված եմ, որ համաժողովի ընթացքում ձեզ կհաջողվի նոր հետաքրքիր գաղափարներ առաջարկել, որոնք կնպաստեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաեւ եվրասիական տարածաշրջանում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,- նշել է ՌԴ նախագահը:
Հունիսի 29-ին Երեւանում մեկնարկել է Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային ֆորումը՝ «Ռուսաստանի եւ Հայաստանի թվային նախաձեռնությունները՝ ԵԱՏՄ-ի թվային օրակարգի իրականացման շրջանակներում»: Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: