VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե նոր իշխանությունները մտմտում են` ինչպես վարվել ԲՀԿ-ի եւ նրա՝ թիկնապահներով շրջող «կազմի» հետ, որովհետեւ նորերն անգամ թիմակիցների կողմից մեղադրվում են հատվածական, ընտրովի արդարություն, իրավա-կանոնություն հանդես բերելու մեջ. «Շատ դժվար է հասկանալ, որ նախագահի վերահսկողական ծառայութան նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի նկատմամբ վերաբերմունքը զուտ անձնական վրեժի արդյունք չէր, եթե այդ մոտեցումը շարունակություն չունի, էլ չենք խոսում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, բացի ՀՀԿ-ականներից եւ հանրապետականամերձ անձանցից, ոչ ոք չի հայտնվել համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում, ովքեր էլ հայտնվել են, անպայմանորեն հեռավոր ձեւով փոխկապակցված են ՀՀԿ-ի հետ։ Իսկ նրանք ասում էին՝ վենդետա չի լինելու, վրեժ չի լինելու»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, որքան էլ որ պնդում են, թե նա աշխատանքից ազատման դիմում է գրել եւ աշխատանքի չի ներկայանում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Տարոն Մարգարյանը մտքափոխվել է։ Նա գիտակցում է, որ պատասխանատվությունից չի կարող խուսափել, հնարավոր է կալանավորվի, բայց նեղ շրջանակում հայտարարել է, որ թեկուզ կալանավորվի էլ, բայց նախընտրում է դա կատարվի քաղաքապետի կարգավիճակում, քան իր հրաժարականից հետո։ Ի դեպ, երեկ քաղաքապետը ներկայացել է աշխատանքի եւ իրականացրել իր աշխատանքային պարտականությունները, քննարկել նոր աղբատար մեքենաներ ձեռք բերելու հարցերը»։
Նույն թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջիկա օրերին Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար կնշանակի Սեւակ Միքայելյանին: Վերջինս «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին է: Սրանով վերջ կդրվի Սասուն Միքայելյանի եւ Հրազդանի արդեն նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի երկարատեւ պայքարին՝ Միքայելյանի հաղթանակի տեսքով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ Ազգային Ժողովի հաշվեկշռում եղած «Չայկա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք երկար տարիներ չեն վաճառվել, հայտնվել են ԱԺ ՀՀԿ խմբակցության կալանավորված պատգամավոր Մանվել Գրիգորյանի անձնական ավտոտնակում: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ԱԺ հաշվեկշռում առկա է եղել 3 հատ «Չայկա» ավտոմեքենա, որոնք մարտ ամսին փոխանցվել են պետական գույքի կառավարման վարչությանը: Սա, թերեւս, պատահական չի արվել. այսպես հնարավորություն է ստեղծվել, որպեսզի գեներալ Մանվելը պետական գույքի կառավարման վարչությունից էժան գնով ձեռք բերի այդ մեքենաները՝ հարստացնելով իր ավտոպարկը, ճիշտ այնպես, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի զրահապատ ավտոմեքենան, որը եւս գնել է Գրիգորյանը շատ մատչելի գնով: Նշենք նաեւ, որ Գրիգորյանի ավտոկայանատեղիում կար Rolls-Royce մեքենա, որը, ըստ օդում կախված լուրերի, եղել է գողացված. նա ձեռք է բերել 160 հազար դոլարով, մինչդեռ այդ մեքենայի վաճառքի արժեքը շուկայում կազմում է 800 հազար դոլար»:
Նույն թերթը գրում է. «Չի բացառվում, որ Վազգեն Մանուկյանն այլեւս չղեկավարի Հանրային խորհուրդը: «Ժողովուրդ» թերթի հարցին, թե դուք կրկին հավակնո՞ւմ եք Հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, Մանուկյանը պատասխանել է. «Երբ խորհրդի 45 անդամներն ընտրվեն, վարչապետը կնշանակի խորհրդի նախագահ»: Իսկ հարցին, թե ինքներդ ցանկություն ունե՞ք նորից աշխատելու, պարոն Մանուկյանը նշել է. «Նայած` ինչ խնդիրներ կդրվեն Հանրային խորհրդի առջեւ: Ես կուզեի շարունակել, բայց եթե ընտրությունները լինեն, մեր կուսակցությունը գուցե մասնակցի, եւ հնարավոր է… ես ավելի լավ կլինի` զբաղվեմ այդ գործերով: Կերեւա ապագայում»: Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկինում հնչեցրած քննադատություններին, Մանուկյանն ասել է. «Դա կարեւոր չի: Հիմա ինքը վարչապետ է եւ պետք է ծանոթանա, թե դա աշխարհում ինչ գործընթաց է: Եվ օրենքը պարտադրում է, որպեսզի ձեւավորվի նոր Հանրային խորհուրդ: Որոշում ընդունողը կառավարությունն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հասարակության բոլոր շերտերում շատ դրական են վերաբերվում նոր իշխանությունների կոռուպցիոն բացահայտումներին։ «Պիտի մաքրվեր էս ամենը»՝ գտնում են անգամ նախկին իշխանավորներից ոմանք։ «Սակայն մեկ այլ խնդիր էլ կա, և դա գրեթե միշտ է եղել։ Գործը հարուցվում է, հաղորդագրությունը՝ տարածվում, սակայն դա այլևս շարունակություն չի ունենում։ Եթե փնտրեք, շատ հազվագյուտ հաղորդագրություններ կգտնեք գործերի կարճման մասին։ Ասել է թե՝ շոուն ապահովվում է, հասարակության էյֆորիան՝ նույնպես, քննությունը գնում է, պարզվում է՝ փողերի «ծագումը» կա՛մ օրինական է, կա՛մ հանցանք չկա, և գործը կարճվում է, բայց շատ քչերն են իմանում այդ մասին, ընդ որում՝ շատ դեպքերում արդեն կատարվածն այլևս չի էլ հետաքրքրում հանրությանը։ Այնպես որ, մի բացառեք, որ այսօր բավականին աղմուկ հանած գործերի քննության ընթացքում պարզվի, որ «ապօրինի հարստացումն» ու շորթումն այնքան էլ պատկերացրածի չափ չէին, և իրականում բոլորովին այլ խնդիր էր լուծվում»,- ասաց մեր զրուցակիցը»:
Նույն թերթը գրում է. «ՀՀԿ-ի վերջին հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը խնդրել-հորդորել է զինակիցներին հիմա առավել, քան երբեւէ, համերաշխ լինել, նեղացածներին կոչ է արել հաշտվել։ ՀՀԿ-ական մեր աղբյուրը հայտնեց, որ իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ի հավաքները հոգեբանական թերապիայի սեանսներ են հիշեցնում․ ամեն անգամ առաջնորդն իրենց հորդորում է համբերատար լինել ու սպասել նոր իշխանությունների տապալմանը։ Խորհուրդներ է տալիս, թե ինչպես պահեն իրենց, ինչ ասեն, ինչ անեն։ Սակայն, ի հեճուկս Սերժ Սարգսյանի «հոգեբանական» սեանսների, ՀՀԿ-ի շարքերը գնալով նոսրանում են․ երեկ կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխներից Աշոտ Արսենյանը, ով տարիներ շարունակ կազմակերպում էր «նախագահի» հանգիստը՝ իր վրա վերցնելով դրա հետ կապված հսկայական ծախսերը եւ ուղեկցելով նրան։ Երեկ նա մի ծիծաղելի հայտարարություն էր տարածել՝ ՀՀԿ-ից իր դուրս գալը բացատրելով Ամուլսարի հետ կապված բողոքի ակցիաներով եւ բողոքողներին համոզելու, հանգստացնելու իր «առաքելությամբ», որպեսզի «սաբոտաժը դադարեցնելու մասին» վարչապետի կոչն իրականություն դարձնի։ Առաջիկայում ՀՀԿ-ն պատրաստվում է խորհրդի նիստի, որտեղ կորոշեն կուսակցության առաջին փոխնախագահի հարցը։ Օրերս հրաժարականի դիմում ներկայացրած Կարեն Կարապետյանին, ըստ որոշ լուրերի, կփոխարինի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը»: