VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կինը, ով ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի դուստրն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված գրառում է կատարել: «Անարդար եք, պարոն Փաշինյան, Մանվելը սուրբ չէ, եթե այդպես է, սկսեք Սեյրան Օհանյանից, Սաշիկ Սարգսյանից, Լֆիկ Սամոյից, Ծառուկյանից, և ամենավերջում պետք է պատժվեր Մանվելը»,- գրել է Հռիփսիմե Հակոբյանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին զինվորներին հասցեագրված օգնությունների հափշտակությունների վերաբերյալ բացահայտումներից հետո ստուգումներ են անցկացվել Պաշտպանության նախարարությունում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՊՆ-ում փորձել են պարզել, թե 2016 եւ 2017 թվականներին որքան օգնություն է ցուցաբերվել ԵԿՄ-ին: Ու բացահայտվել է, որ 2017թ.գումարը կազմել է մոտ 30 մլն դրամ, իսկ ահա 2016 թ. ապրիլյան իրադարձություններին ԵԿՄ-ին տրված օգնության չափը կազմել է 26 մլն դրամ: ՊՆ-ում նաեւ փորձ է արվել պարզելու, թե իրականում որքանով ՊՆ-ն ունի իր մեղքի բաժինը, որ զինվորին ուղարկած օգնությունը տեղ չի հասել կամ եթե հասել է, ապա արդյոք նպատակային է օգտագործվել: Ու պարզվել է, որ այդ օրերին զինվորների համար նախատեսված օգնությունն առաջնագիծ հասցնելու հարցերը համակարգել է ոչ թե ՊՆ-ն, այլ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան` տեղեկացրել են, որ իրենք օգնությունը տարել են Արցախ` բաշխելով գնդերում, որոնք օգնության կարիք են ունեցել»:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԱԾ աշխատակիցները լծվել են հին, վաղուց փոշով ծածկված նամակները հանելու և դրանց ընթացք տալու գործին: Ըստ այդմ՝ առաջիկայում մասկի-շոուներ կլինեն ոչ միայն պաշտոնյաների տներում, այլև խոշոր ընկերություններում: ՀՀ ԱԱԾ-ն համագործակցում է ռուսական ФСБ-ի հետ՝ նպատակ ունենալով բացահայտել Հարավկովկասյան երկաթուղում տարիներ ի վեր ՀՀ իշխանությունների քթի տակ, երբեմն նրանց հետ համագործակցելով՝ իրականացված թալանը: Այս անգամ, սակայն, տեղեկացանք, որ ՀԿԵ ղեկավարության կոռուպցիոն գործարքների մասին բավականին ծավալուն մի նամակ է հանձնվել ռուսական իրավապահ մարմիններին, Ռուսական երկաթուղիների ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինի աշխատակազմ: Նմանատիպ նամակներ ԱԱԾ-ն նախկինում էլ է ստացել, սակայն քանի որ տարիներ ի վեր ՀԿԵ ռուս ղեկավարների հետ երկաթուղին թալանել են նաև հայ ԿԳԲ-շնիկները, այդ նամակները մոռացության են տվել: Այժմ որքան էլ ՀԿԵ գործերի կառավարիչ Կարեն Անտոնյանը պատերի տակ հայտարարի, թե «Վանեցյանը ընկերս է, մենք պրոբլեմ չունենք», շուտով ականատես ենք լինելու նոր մասկի-շոուների՝ հայ-ռուս ուժայինների կատարմամբ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ինչպե՞ս է բյուջեի վիճակը՝ հարցրինք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին։ «Ասեմ՝ իմանաք, որ մենք ունենք կայացած ինստիտուտ՝ ի դեմս մեր հարկաբյուջետային համակարգի, եւ եթե ուշադրություն դարձնեք, ապա ոչ միայն վերջին հեղափոխության, այլեւ վերջին 10-15 տարիների ընթացքում կատարված իրադարձությունների ընթացքում համակարգն իր բնականոն հունից չի շեղվել, բարեբախտաբար, եւ ռիսկեր չկան։ Ասեմ նաեւ, որ մինչ հեղափոխությունը առաջանցիկ տեմպերով էր եկամտային մասը կատարվում, այսինքն՝ բավականին լավ վիճակ էր»։ Նախորդ իշխանությունների՞ն ենք պարտական։ «Կարծում եմ, մենք՝ բոլորով, իրար հետ պարտական ենք մեր հարկ վճարողներին»։ Իսկ ե՞րբ եք բարձրացնելու թոշակ-աշխատավարձ՝ ժողովուրդը սպասում է։ «Այդ որոշումները պետք է լինեն հավասարակշռված ու հաշվեկշռված եւ ո՛չ մեկանգամյա»։ Իսկ առաջիկայում կարո՞ղ ենք նման բան ակնկալել։ «Իհարկե՝ ոչ»»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին մենք տեղեկացանք, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում Երեւանում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ նրա տեղակալները հրաժարականի դիմումներ են գրել, եւ մոտ օրերս այդ մասին կհրապարակվի։ Իսկ երեկոյան արդեն Ֆեյսբուքում հայտնվեցին ստատուսներ՝ Հայկոյի ու Նիկոլի նկարով, մակագրված․ «Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երեւանի համար»։ Եվ պարզ դարձավ, թե ինչու է հայտնի դերասանը նախօրեին «ՔՊ» մտնելու դիմում գրել»։
«Փաստ» օրաթերթը գրում է. Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 16–ին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում էր Մարտի 1–ի բացահայտմանը: Կարևորելով Երևանում 2008 թվականի մարտի 1–ին և 2–ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, ինչպես նաև 10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, խնդրել էին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՔԾ: «Փաստ»–ը փորձեց պարզել` հայտարարությունից հետո ՀՔԾ–ն ինչ արձագանքներ է ստացել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Հայտարարությունից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել տարբեր քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել քննությանը: Այս պահին ավելին չենք կարող ասել` ելնելով զուտ նախաքննության գաղտնիությունից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արթուր Ասատրյանը՝ Դոն Պիպոն, թեեւ ձերբակալված է, սակայն նրա կողմնակիցներն ակտիվ աշխատում են՝ մանվելական գյուղապետերին հորդորում են ինքնակամ հեռանալ։ Արտակ Սերգոյանը, ով «Եվրոպահայերը՝ հանուն Հայաստանի զարգացման» ՀԿ նախագահն է ու անցած շաբաթ Էջմիածնում համակարգում էր բողոքի ակցիաները, վերջին օրերին Էջմիածնի քաղաքապետարանից դուրս չի գալիս։ Քաղաքապետարանի աշխատակիցները մեզ ասացին, որ նա գալիս ու փաստաթղթեր է պահանջում՝ այն փաստաթղթերը, որոնք գեներալի որդու՝ նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անօրինական գործարքների մասին են վկայում, որ ներկայացնի իրավապահներին։ Ի դեպ, Էջմիածնում պատահական չեն համարում նաեւ, որ իրենց համերկրացի Հրանտ Դավթյանին պատգամավորի մանդատ տվեցին։ Նա Պիպոյի մտերիմներից է՝ 8 մարդ ինքնաբացարկ տվեց, որ նա մտնի խորհրդարան»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեակատարողական վարչությունում հեղափոխությունից հետո բոլոր նշանակումներն արդեն կատարվել են։ Մոտ մեկ շաբաթ առաջ ՔԿՎ պահպանության ապահովման բաժնի պետի տեղակալ Վարդգես Ծաղիկյանը նշանակվեց ՔԿՎ պետի տեղակալ։ Ծաղիկյանի նշանակումը այնքանով է ուշագրավ, որ նա մականունավոր է, բոլորը նրան ճանաչում են «Վավիկ» մականունով։ Վավիկը քրեական աշխարհում հայտնի Նորիկ Թադևոսյանի՝ Դքի Նորիկի բարեկամն է և ազգակցական կապ ունի նաև ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։ Վավիկը որոշակի կապերով կապված է նաև քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ»։