Մանվել Գրիգորյանի կնոջ ցուցումով ԵԿՄ վարչության շենքից հանվել է 2980 հատ մսի պահածո VIDEO
19.06.2018
Հունիսի 18-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում կայանված են «Ուազ» և «ԳԱԶ» մակնիշների ավտոմեքենաներ, որոնք բեռնված են մսի պահածոներով։
Ինչպես տեղեկացնում է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, նշված ավտոմեքենաների վարորդները, որոնք ԵԿՄ անդամներ են, մեքենաներով հանդերձ բերման են ենթարկվել տեղափոխվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Մեքենաների զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածո։
Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։