Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ծանոթությունը Մոսկվայում, հայտարարել է, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը բանակցությունների ձևաչափում չէր:
Ավելի վաղ Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթերում հայտնել էր, որ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծանոթացրել է նրան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Զախարովան նշել է, որ պետք չէ շփոթել ձևաչափերը: «Գոյություն ունի երկրների ղեկավարների միջև շփում, որը ենթադրում է նաև բազմակողմ և երկկողմ շփում։ Եվ կա խնդիր, որը կարգավորման իր ձևաչափն ունի», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ բարենպաստ մթնոլորտ ստեղծելը, իհարկե, միայն նպաստում է բանակցային գործընթացի առաջխաղացմանը։
«Ոչ միայն նպաստում է, այլև կարևորագույն երաշխիքն է այն խնդրի լուծման համար, որի մասին դուք ասացիք։ Սակայն ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ դրանք տարբեր ձևաչափեր են», - նշել է Զախարովան։
Մեկնաբանել է Փոշինյան-Ալիեւ ծանոթոությունը նաեւ Կլեմլի մամուլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը: Նրա խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Մոսկվայում կայացած հանդիպումն առաջին ծանոթությունն էր, հետագա շփումների մասին խոսելը դեռ վաղ է:
«Դեռ վաղ է այդ մասին խոսել, դա առաջին ծանոթությունն էր: Դրա համար էլ դեռ վաղ է խոսել որևէ շարունակության մասին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, հնարավոր է արդյոք ակնկալել եռակողմ կամ երկկողմ ձևաչափով հանդիպում:
Փաշինյանն ասել էր նաև, որ սա «ծանոթացման արարողակարգի» նման մի բան էր, որևէ շփում, զրույց կամ քննարկում չի եղել։
Նիկոլ Փաշինյանը Մոսկվա էր մեկնել երկօրյա այցով` մասնակցելու 2018 թվականի Աշխարհի առաջնության բացմանը։