Լոնդոնում Իրանի դեսպան. Հավելյալ համաձայնության շուրջ բանակցությունը խաբուսիկ գաղափար է
Լոնդոնում ԻԻՀ դեսպանը Իրանի դիրքորոշումների կապակցությամբ «Սի Էն Էն» հեռուստակայանին տված հարցազրույցում լիովին մերժելով նոր թեմաների շուրջ ցանկացած տեսակի բանակցությունն, ասել է. «ԱՄՆ-ն ավելի քան մեկ տարի խաբել է աշխարհին»:
Համիդ Բաիդինեժադը հինգշաբթի օրն այդ հարցազրույցի ժամանակ ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր տված խոստումներն իրագործելու և Իրանում աշխատող եվրոպական ընկերություններին պաշտպանելու Եվրոպայի կարողության մասին ասել է. «Իրանում եվրոպական ընկերությունների աշխատանքը երաշխավորելու և հովանավորելու հարցում Եվրոպան չափազանց վճռակամ է հանդես եկել: Եվ սա Եվրոպայի հեղինակության հետ կապված կարևոր հարց է»:
Նա այլ երկրներին ուղղված ԱՄՆ պետքարտուղարի սպառնալիքները միջազգային իրականությունների անտեսման վկայություն է համարել և ընդգծել. «ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնի հրամաններին հետևելու մյուս երկրների պատրաստակամության հարցով պատրանքների մեջ է, քանի որ ժամանակակից աշխարհում միջազգային ու տարածաշրջանային մակարդակով այլ կարևոր ու մեծ դերակատարներ գոյություն ունեն»:
Բաիդինեժադն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ոտնահարել է ՀԳՀԾ-ն ու ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը: «ԱՄՆ-ն ոչ միայն ինքը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այլև մյուս երկրներին սպառնում է, որպեսզի Իրանի հետ չհամագործակցեն և սա ՀԳՀԾ-ի կոպիտ ոտնահարում է». ասել է նա:
Բրիտանիայում ԻԻՀ դեսպանն ընդգծելով, որ Իրանը մինչ այսօր աշխատել է «Էն Փի Թի»-ի ու ՀԳՀԾ-ի կետերի շրջանակներում, հավելել է. «Ուրանի հարստացման ծավալի մեծացումն իրականացվում է ՀԳՀԾ-ի սահմաններում և հիմա ՀԳՀԾ-ի մյուս կողմերը պիտի հնարավորինս շուտ որոշում կայացնեն: Իրանը սպասում է Եվրոպայի վերջնական որոշմանը»: