Ոչ մի հետաձգում․ կուտակային կենսաթոշակային համակարգը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում
Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր վարձու աշխատողների համար։ Այս մասին ԱԺ-ում հունիսի 7-ին, կառավարության ծրագիրը ներկայացնելիս, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, ոլորտի ամենահեղինակավոր մասնագետները պնդում են, որ այս պրոցեսն անցել է անդառնալիության կետը, և տվյալ խնդրի շուրջ որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնվեն ռիսկերը, որ ոչ միայն երկարաժամկետ, այլև կարճաժամկետ առումով կարող են աղետալի հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության վրա:
«Փաստ 1-ին. պարտադիր կուտակային համակարգի շահառուների մոտավորապես 80%-ն արդեն իսկ ներառված է համակարգում, և շահառուների միայն 20%-ն է, ում ներառումը համակարգում նախատեսվում է հուլիսի 1-ից հետո: Փաստ 2-րդ. այս պահի դրությամբ կուտակային ֆոնդերում հավաքված է 120 մլրդ դրամ, որի 70 տոկոսը ներդրված է Հայաստանի տնտեսության մեջ: Փաստ 3-րդ. կուտակային ֆոնդերի կառավարումն իրականացնում են աշխարհում հսկայական հեղինակություն վայելող և ահռելի, նույնիսկ Հայաստանի տարեկան ՀՆԱ-ն գերազանցող կապիտալների տիրապետող ընկերություններ, և Հայաստանում նրանց հետագա ճակատագիրը Հայաստանում ներդրումներ անելու հուսալիության աստիճանի՝ միջազգայնորեն ճանաչված գնահատական է լինելու», - ասել է նա:
Նա հավելել է, որ արտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ բոլորի մեծագույն վերապահումը եղել է վստահության բացակայությունը այն ներդրող կառավարության և իշխանության նկատմամբ:
«Այսօր այս խնդիրը վերացել է, և ուզում եմ համոզմունք հայտնել, որ այդ հարցի վերաբերյալ կկարողանանք որոշումներ կայացնել, որոնցում հաշվի կառնվեն ինչպես խնդրի ռազմավարական խորքը, այնպես էլ ՀՀ քաղաքացիների երկարաժամկետ շահերը»,-հայտարարեց վարչապետը», - ասել է վարչապետը:
Ավելի վաղ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն առաջարկել է վարձու աշխատողների համար մեկ տարով հետաձգել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունը։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Թանդիլյանը տեղեկացրեց՝ ներկայացրել է գործընթացը մեկ տարով հետաձգելու նախագիծ: