Բնակարան, ավտոմեքենա ու 1,8 մլն դրամ․ ԱԱԾ պետի հայտարարագիրը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մայիսի 25-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել, իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:
Արթուր Վանեցյանը, որպես անշարժ գույք հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում: ԱԱԾ տնօրենը, որպես շարժական գույք հայտարարագրել է «LEXUS NX300H 2.5GAS» մակնիշի ավտոմեքենա:
Վանեցյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 մլն դրամ եւ 10 հազար դոլար:
Այս տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը Վանեցյանը ունեցել է 1 մլն 854 հազար 545 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
Հիշեցնենք, որ «Հետքը» անդրադարձել էր Վանեցյանի հոր ծաղկային բիզնեսին: Ֆինանսների նախարարության ցանկում ծաղիկներ ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-, որի սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է: Իսկ մայրը՝ նախկին ԱԺՄ-ական Մարգարիտա Ազարյանը, երկար տարիներ աշխատել է նախագահի աշխատակազմում:
Մարգարիտա Ազարյանը 2002-2011թթ. եղել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ, 2011-ի հունվարին նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Կադրերի վարչության պետ: Արթուր Վանեցյանը մտերիմ է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանի հետ, ինչը երբեք չի էլ թաքցվել:
Հավելենք, որ նշանակումից րոպեներ անց Արթուր Վանեցյանը եւ նրա տիկինը «ջնջվել» են ֆեյսբուքից: