26.11.2024
Ինջե. Ես ունեմ սոցհարցման տվյալներ, որոնք կզրկեն Էրդողանին քնից
prev Նախորդ նորություն

ՀՀ–ՌԴ ռազմական դաշինքը լավագույն պատասխանն է թուրք–ադրբեջանական տանդեմին

Մայիսի 29-31-ին Կարսում ավարտվել են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ վարժանքները։ Զորավարժությանն Ադրբեջանի կողմից ներգրավվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի մեկ մոտոհրաձգային վաշտ։ Զորավարժությանը մասնակցող անձնակազմը եւ զրահամեքենաները վերադարձել են մշտական տեղակայման վայր, Նախիջեւան:


Թուրք–ադրբեջանական տանդեմի ռազմական համագործակցությունն ուղղված է ՀՀ–ի ու Արցախի անվտանգությանն ու տարածքային ամբողջականության դեմ, այդ թվում՝ նախիջևանյան ուղղությամբ։ ՀՀ–ն ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի ռազմական ներուժին հակադարձելու ու ՀՀ–ի ազգային անվտանգության ապահովման համար հենվում է ՌԴ–ի հետ ռազմավարական, դաշնակցային կապերի վրա։ ՀՀ–ն Հարավային Կովկասում ՌԴ–ի թիվ մեկ ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ–ի անդամ ու հայ–թուրքական ու հայ–իրանական սահմանների անվտագությունն ապահովում են ՌԴ Անվտանգության դաշնային ուժերի սահմանապահ զորքերը։

Բացի այդ, Թուրքիայի դեմ կանգնած է Գյումրիում տեղակայված ռուսական 102–րդ ռազմակայանը, որի միայն առկայության փաստը զերծ է պահում թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությանը ՀՀ–ի նկատմամբ ռազմական սադրանքներից. չմոռանանք, որ թուրքական զորքերն այժմ սուվերեն Սիրիայի ու Իրաքի տարածքում են ու չեն պատրաստվում լքել այդ տարածքները։

Թուրք–ադրբեջանական ռազմական տանդեմին հակակշիռ կարող է ծառայել նաև հայ–ռուսական համատեղ զորախումբը, որը պետք է մեծացնի ՀՀ–ի անվտանգային միջավայրն ու ավելի լայն հայկական ուժերի կենտրոնացում թույլ տա ղարաբաղյան ճակատում։

Հայ–ռուսական համատեղ զորախմբի համաձայնագրում մասնավորապես նշվում է, որ «հաշվի առնելով հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում Կողմերի տարածքների առանձնացվածությունը և դրանց սահմաններում լուծվող օպերատիվ-ռազմավարական խնդիրների ծավալը, անհրաժեշտ է ստեղծել զինված ուժերի միացյալ խմբավորում, որը կպաշտպանի կողմերի քաղաքացիներին և հասարակությանը արտաքին և ներքին ռազմական սպառնալիքներից»։

ՌԴ–ն, ստեղծելով այդ զորախումբն ու պահպանելով ՀՀ–ի տարածքում ռազմակայան ու ենթակառուցվածքներ, ինչպես նաև Երևանի հետ զարգացնելով բազմաշերտ ռազմա–տեխնիկական համագործակցություն հստակ մեսիջ է ուղարկում Անկարային ու Բաքվին, որ ՀՀ–ի վրա հարձակումը  ռազմական ագրեսիա է, դիտարկվելու է, որպես ՌԴ–ի վրա հարձակում` այստեղից բխող բոլոր հետևանքներով թուրք–ադրբեջանական տանդեմի համար։

Ինչ վերավերվում է Արցախին, ապա դրա անվտանգությունն ու բնակչության ֆիզիկական ապահովության երաշխավոր է հենց ՀՀ–ն, իսկ ՀԱՊԿ–ի ու ՌԴ–ի պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա։ Սակայն ուժեղացնելով ՀՀ–ի ռազմական ներուժն ու պահպանելով հայ–թուրքական ու հայ–իրանական սահմանը, Մոսկվան հնարավորություն է տալիս հայկական կողմին ապահով զգալով թիկունքում՝ մեծ ուժեր կենտրոնացնել Ղարաբաղում ու հայ–ադրբեջանական լարված սահմանի այլ հատվածներում։

Թուրք–ադրբեջանական ռազմական տանդեմին լավագույն պատասխանը հայ–ռուսական հարաբերությունների ռազմական բաղադրիչի ուժեղացումն է` հայ–ռուսական համատեղ զորախմբի, համատեղ զորավարժությունների, ռուսական վարկով նոր, արդի զինատեսակների գնումը ՀՀ ԶՈւ–ի համար։