Չեխական ռադիո. Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է
Չեխական «Ռադիոժուրնալ» ռադիոկայանն իր կայքում նյութ է հրապարակել Հայաստան ուղևորության մասին՝ անդրադառնալով երկրի պատմությանը, մշակույթին ու կրոնին:
«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է Եվրոպայի և Ասիայի միջև: Այստեղ զարմանալի մարդիկ են, զարմանալի բնություն ու հնագույն քրիստոնեական մշակույթ: Իսկ հայկական եկեղեցիները շատ համեստ են՝ որպեսզի ոչ մի բան չխանգարի Աստծո հետ հաղորդակցվելուն»,-ասվում է նյութում, հայտնում է Rusarminfo-ն:
Հեղինակ Սյուզի Բադավին մի դրվագ է պատմում Հայաստանի պատմությունից, թե ինչպես արաբների արշավանքի ժամանակ հայոց արքային խորամանկության շնորհիվ հաջողվել է կասեցնել նվաճողների հարձակումը:
«IX դարում Հայաստանի վրա են հարձակվում արաբները: Հայոց արքա Աշոտ Երկաթը կասեցնում է նրանց հարձակումը Սևանում՝ հարյուրավոր նավերի մեջ մեկական զինվոր նստեցնելով: Արաբները, կարծելով, որ հայերը մեծ զորք են հավաքել, փախուստի են դիմում»,-պատմում է Բադավին:
Չեխական ռադիոն պատմում է նաև Սևանի իշխանի մասին, որն անհետացման եզրին էր հասել լճում ջրի մակարդակի նվազման պատճառով, և միայն բնապահպանական կազմակերպությունների միջամտությունը թույլ տվեց կայունացնել ջրի մակարդակն ու փրկել հյութեղ ու հազվագյուտ համ ունեցող այդ ձկնատեսակն անհետացումից: