Կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի. Փաշինյանը՝ ԱԱԾ-ի տնօրինությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ներկայացնելով Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանին, ձեւակերպել է այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է դառնան ԱԱԾ գործունեության առաջնահերթությունները:
«Առաջին խնդիրը հակահետախուզության լրջագույն փոփոխություններն են, որպեսզի այն լրջագույնս ուժեղանա: Հաջորդը կոռուպցիայի դեմ պայքարն է: Այսօր մենք, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում չունենք կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մարմին: Կարծում եմ, որ այդ գործառույթը պետք է իրականացնի Ազգային անվտանգության ծառայությունը: Խնդիրը շատ հստակ է՝ Հայաստանում կոռուպցիոն, կլանային որոշումներ կայացնող, կաշառք վերցնող որեւէ պաշտոնյա գիշերը չպետք է հանգիստ քնի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ ԱԱԾ-ն, մյուս մարմինների հետ համագործակցելով, պետք է բացառի մաքսային չարաշահումները, մաքսանենգությունը: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ ներքաղաքական վերջին զարգացումների ժամանակաշրջանում առավելագույնն անելու համար:
«Մենք մեր պատմության ընթացքում հաճախ ենք պատմական հնարավորություններ բաց թողել եւ բոլորիս խնդիրն է, որպեսզի այս անգամ այդպես չլինի, եւ ես համոզված եմ, որ այդպես չի լինի նաեւ ձեր ծառայության շնորհիվ»,- ամփոփել է վարչապետը: