Մենք չենք ցանկանում խնդիրներ ունենալ. Թուրքիայի վարչապետը պատասխանել է Փաշինյանին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հայ-թուրքական հարաբերությունների մասին հայտարարությանը, այս մասին տեղեկանում ենք «The New York Times»-ից:
Յըլդըրըմը հայ-թուրքական հարաբերությունների հարցում «նոր էջ սկսելու պայման է ներկայացրել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Արցախ այցելության շրջանակներում հայտարարել էր. «Դուք գիտեք, որ նախապայմաններ առաջ է քաշում Թուրքիան։ Թուրքիայի պահանջներն անտրամաբանական են, քանի որ տրամաբանական չէ ինչ–որ երկրի հետ հարաբերություններ հաստատելու համար երրորդ երկրի վերաբերյալ պայման առաջ քաշելը։ Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը եւ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։ Միաժամանակ, հավատարիմ ենք մնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը»: Նա հավելել էր, որ միջազգային ճանաչումը ամենից շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հետ, քան հայ–թուրքական հարաբերությունների։
Պատասխանելով Փաշինյանի հայտարարությանը` Յըլդըրըմն ասել է. «Եկեք նախ տեսնենք` Հայաստանը հրաժարվո՞ւմ է Թուրքիայի նկատմամբ թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականության եւ սահմանների վերաբերյալ սխալ դիրքորոշումից ու նմանատիպ ամեն ինչից: Կամ` եթե ցանկանում է նոր էջ բացել, մենք պետք է բոլոր մանրամասնությունները տեսնենք, ապա, ըստ դրա, պատասխանենք: Մենք չենք ցանկանում ոչ մեկի, գլխավորապես` մեր հարեւանների հետ խնդիրներ ունենալ: Եթե կա նման մոտեցում, բնականաբար, մեր երկրի շահերից բխեցնելով, կգնահատենք իրավիճակը»: